Հեղինակային իրավունքի ոտնահարում «Երգ երգոց» հաղորդման ժամանակ (տեսանյութ)

19:53 • 24.10.11

Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման հոկտեմբերի 23-ի թողարկման ժամանակ խախտվել է բանաստեղծ Սուրեն Մուրադյանի և Սարմենի հեղինակային իրավունքը։ Ռոբերտ Ամիրխանյանի «Ուրախ տրամադրությունը», որը շուրջ 40 տարվա պատմություն ունի, և որի խոսքերի հեղինակը Սուրեն Մուրադյանն է, վերագրվել է Նանսեն Միքայելյանին, իսկ «Աղավնի» երգի խոսքերի հեղինակը ոչ թե Լյուդվիգ Դուրյանն է, ինչպես հաղորդվել է, այլ Սարմենը։ Մեզ հետ զրույցում Սուրեն Մուրադյանի դուստրը՝ Սյուզաննա Մուրադյանը, ասաց, որ ինքը կատարվածի առնչությամբ մեծ վրդովմունք է ապրել. «Սա իրոք հեղինակային իրավունքի ոտնահարում է, որի համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։ Հայրիկիս ստեղծած 200-ից ավելի երգեր տեղ են գտել մանկական համույթների երգացանկում, երգարաններում, իսկ «Ուրախ տրամադրություն» երգը համարվում է հիթ, որը երգում են Հայաստանի հարյուրավոր դպրոցներում, մանկապարտեզներում, երգը հնչել է նաև վերջերս Սուրեն Մուրադյանի հոբելյանական երեկոյին «Արևիկ» անսամբլի կատարմամբ»,- նշեց նա։

Ներկայացվում է «Ուրախ տրամադրություն» երգը՝ «Արևիկ» անսամբլի կատարմամբ.