Նոյեմբերի 15-ին մեկնարկում է webԾիրան օնլայն կինոփառատոնը

13:53 • 26.10.11

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և webtv.am ինտերնետ հեռուստատեսության «webԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 15-ին:

«Կա մարդկանց մի մեծ թիվ, ովքեր ակտիվ չեն հետաքրքրվում կինոփառատոններով, չեն հաճախում կինոսրահներ կամ այդքան ժամանակ չունեն, ահա ինչու ծնվեց այդ գաղափարը՝ մեկնարկել օնլայն կինոփառատոն առաջին հերթին հենց այդ մարդկանց համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ այս փառատոնը նոր սերնդին առաջ մղելու համար է: «Արդեն փառատոններ կան, որ վերցնում են այս ձևաչափով ֆիլմեր, միգուցե մենք էլ «Ոսկե ծիրան» փառատոնի «Կորիզ» ծրագրում տեղ կհատկացնենք նաև այսպիսի նոմինացիաներին, այս փառատոնում չկա ժյուրի, չկա ծանոթ-բարեկամ և չկա կողմնապահություն, ժյուրին լինելու է դիտողը և քվեարկողը»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնը կավարտվի դեկտեմբերի 25-ին: Սահմանված է երկու մրցանակ` գլխավոր մրցանակ` 1000 դոլարին համարժեք դրամ, և խրախուսական մրցանակ` 500 դոլարին համարժեք դրամ:

«Հայաստանում մենք արդեն որոշակի փորձ ունեինք աշխատել հայ ռեժիսորների այնպիսի ֆիլմերի հետ, որոնք հայտնի չէին հայ հեռուստադիտողին։ Ահա ինչու միտք առաջացավ անցկացնել օնլայն կինոփառատոն։ Այսօր հայտարարում ենք փառատոնի մեկնարկի մասին։ Այսօր ցանկացած ֆորմատով նկարահանված ֆիլմ, եթե ֆորմատը ինտերնետ հեռարձակումն է և ոչ թե միջազգային փառատոններին ներկայացնելը կարող է մասնակցել այս փառատոնին, սա նաև կրթական ծրագիր է, այս փառատոնը միտք ունենք անցկացնել երեք-չորս ամիսը մեկ»,- ասաց A.M. Media Production ընկերության և webtv.am ինտերնետային հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Մանուկյանը` հավելելով, որ նաև facebook սոցիալական ցանցով է տարածվել տեղեկատվություն փառատոնի մեկնարկի մասին:

Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ։ Տեղի կունենա ինտերնետային քվեարկություն նույն կայքում: Այս կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին ներկայացվելու են մինչև քսան րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակման: Ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկայով:

Փառատոնի գլխավոր հովանավորը VivaCell-MTS ընկերությունն է։