Երեկոյան երևանցիները կունկնդրեն Պինկաս Ցուկերմանի ջութակը
«Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում այսօր, ժամը 19-ին Հայաստանում լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով։
«Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան։ 1,5 տարի առաջ եմ եղել այստեղ, տեսնում եմ, որ Երևանն ավելի է գեղեցկացել, հուսամ, որ առաջընթացը կշարունակվի, աշխարհն այժմ տնտեսական վայրէջք է ապրում, և մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ այն երաժշտությունը, որ մենք մատուցում ենք, լինի ամենաբարձր մակարդակի վրա, նույնիսկ շատ հարցերում զիջումների ենք գնում, որ կյանքի կոչենք մեր համերգները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պինկաս Ցուկերմանը: Նա նշեց նաև, որ կան մի քանի երիտասարդներ, ովքեր կարող են լինել իր արժանի հետնորդը, իսկ հայ տաղանդավոր երաժիշտներից նա նշեց թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունը:
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հրաշալի նվագախումբ է, ես սպասում եմ նրանց հետ համերգին»,- ասաց լեգենդար ջութակահարը:
Այսօրվա համերգին կհնչեն Ջուզեպպե Վերդիի, Մաքս Բրուխի և Չայկովսկու ստեղծագործություններից:
Ստեղծագործական 45 տարիների ընթացքում Պինկաս Ցուկերմանն արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին: Տարեկան շուրջ 150 համերգներով հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ցուկերմանը դասվում է դարի ամենահայտնի ջութակահարների շարքին:










