Դրամատիկականում պրեմիերա է. դերասանները կերտում են հենց իրենց կերպարները (տեսանյութ)
Նոյեմբերի 28-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում թատերաշրջանի առաջին պրեմիերան է: «Ձուկն առանց ջրի կամ Suicide» ներկայացումն ինքնատիպ ու յուրօրինակ է նրանով, որ դերասանները բեմում կերտում են հենց իրենց կերպարները` հանդիսատեսին ներկայացնելով այսօրվա արվեստագետի հույզերը, ապրումները, կռիվն ու նվաճումները:
«Ամբողջ անձնակազմը շատ սիրով ստեղծեց այս ներկայացումը: Ինձ թվում է՝ դուր կգա հանդիսատեսին: Չնայած կարող են քննադատություններ էլ լինել, բայց մեզ համար այն շատ կարևոր ներկայացում է, որովհետև մեր կենսագրությունն է հիմքում` ոչ կենցաղային, այլ ենթագիտակցական մակարդակով»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց ներկայացման ռեժիսոր Արմեն Խանդիկյանը:
«Ձուկն առանց ջրի կամ Suicide» ներկայացումը բեմադրության հեղինակներ Արմեն Խանդիկյանի և Լևոն Մութաֆյանի երկար տարիներ խմորված ապրումների արդյունքն է: Ռեժիսորի բնորոշմամբ` ներկայացումը փիլիսոփայական ֆանտազիա է, որի հիմքում հայ արվեստագետի անցած ու անցնելիք ճանապարհն է, նաև այսօրվա դերասանի ապրումները, պայքարն ու նվաճումները: Ներկայացման մեջ ներգրավված դրամատիկական թատրոնի 15 առաջատար դերասանները և գլխավոր դերակատար Արթուր Ութմազյանն էլ ներկայացման մեջ ունենեն կենսագրական մոտիվների իրենց մասնաբաժինը: Ներկայացումն այսօրվա թատրոնի, իրականության մասին է: Գլխավոր գործող անձը արվեստագետն է` իր դիրքորոշմամբ, կեցվածքով` երբեմն ուղիղ, երբեմն ալեգորիկ իմաստներով»,- ընդգծեց Խանդիկյանը:
Խոսելով ընդհանուր առմամբ Հայաստանում թատրոնի զարգացման միտումների մասին Խանդիկայնը նշեց , որ այսօր թատրոնը վերականգնողական փուլում է և նրա լիակատար առողջացմանը պիտի նպաստեն թե հանդիսատեսը, թե դերասաններրն ու ռեժիսորները: Հանդիսատեսն, ըստ նրա, ընկալում է այն, ինչ իրեն մատուցում են: Հիմնական պատասխանատվությունն ընկնում է մատուցողի վրա, որը պարտավոր է բազմաժանր ու բազմաբովանդակ ներկայացումներ ապահովել յուրաքնաչյուր ճաշակի հանդիսատեսի համար: «Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին, բայց պիտի ասեմ՝ հանդիսատեսը այնքան էլ չի հասկանում՝ ինչ է իրեն պետք: Պետք է նրան ցույց տաս լավը և մատուցես բազմազան լավ ներկայացումներ և, ես համոզված եմ, մեր հանդիսատեսը միանշանակ ճիշտ ընտրություն կանի»,- ասաց նա` ավելացնելով, որ չարժե անտեսել նաև ֆինանսական կողմը, որի պատճառով շատ թատերասեր ընտանիքներ ուղղակի զրկվում են թատրոն գնալուց:
«Այն, որ հանդիսատեսը թատրոն չի գալիս նաև զուտ ֆինանսական պատճառներով, ապացուցում է նաև այն փաստը, որ թատրոնի տոմսերն սկսել են սպառվել հակառակ հերթականությամբ: Եթե նախկինում հանդիսատեսը հիմնականում ուզում էր ներկայացումը դիտել պարտերից, այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն ամֆիթատրոնի տոմսերը, պատմեց Խանդիկյանը: Նրան ամենից շատ ուրախացնում է այն փաստը, որ դահլիճում թատրոնի առաջին, արդեն վաթսունն անց հանդիսատեսի կողքին տարեցտարի ավելանում է նաև թատերական լուրջ արվեստով հետաքրքրված երիտասարդների թիվը:










