«Կինոաշունն» ավարտվեց, ֆիլմերի ցուցադրությունները մարզերում կշարունակվեն

13:41 • 29.10.11

Մոտ մեկ ամիս Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, դպրոցներում ու բուհերում հյուրընկալված «Կինոաշուն» փառատոնը երեկ ավարտվեց: Հանդիսավոր փակման արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով` սեպտեմբերի 24-ին Գորիսից սկիզբ առած կինոյի ամիսն այս տարի գերազանցեց բոլոր սպասելիքները: Անկախության 20 տարիների ընթացքում նկարահանված 100-ից ավելի վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի ցուցադրությունները մեծ արձագանք գտան հատկապես մարզերում ու զորամասերում: Իսկ մարզերի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տարվա ընթացքում կշարունակվեն նոր ֆիլմերի ցուցադրությունները տարբեր մարզկենտրոններում:

«Սա փառատոն չէ, այլ մի ծրագիր, որ նպատակ ունի վերկանգնել կինոցանցը Հայաստանում և նորից դեպի կինոդահլիճներ ճանապարհը ցույց տալ հանդիսատեսին: Այս տարվա ձեռքբերումներից է նաև այն, որ մեծ արձագանք գտավ նաև գրախոսականների մրցույթը և մենք կրկնակի շատ հայտեր ստացանք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը: Նա ավելացրեց, որ ծրագիրը շարունակական է, և նախատեսվում է հաջորդ տարի ավելի լայնածավալ միջոցառումներ իրականացնել: