Մշակութային կամ կրոնական արժեքների վնասումը կամ ոչնչացումը պետք է խստորեն դատապարտվի. Էդվարդ Նալբանդյան
ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ են ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին։ Ստորև ներկայացվում է ելույթի տեքստ ամբողջությամբ։
«Տիկին նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Շնորհավորում եմ տիկին Կատալին Բոգյարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան բեղմնավոր աշխատանք: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում 35-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ պարոն Դեվիդսոն Հեպբըրնին (Davidson Hepburn) իր կատարած արդյունավետ աշխատանքի համար:
Անդամակցության առաջին իսկ օրվանից Հայաստանը որպես կազմակերպության ակտիվ անդամ սատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախաձեռնություններին կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Մենք նաև վայելել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական, փորձագիտական և տեխնիկական աջակցությունը մեր առջև ծառացած խնդիրների լուծման հարցում:
Հայաստանը համակարծիք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ այն հարցում, որ երիտասարդության ներգրավումը միջազգային համագործակցության և խաղաղության աջակցման գործում ունի առաջնային նշանակություն: Դրան է նպաստելու նորոգված կազմով գործող Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ցանցը: Արդեն մեկնարկել և հաջողությամբ ընթանում են այդ դպրոցների համար նախատեսված երկու ծրագրեր` «ՅՈՒՆԵՍԿՕ մոդել» և «Ճանաչելով երկրներն ու մշակույթները»:
Մենք սատարում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» տասնամյակի նպատակների իրականացման հարցում` գիտակցելով նման կրթության կարևորությունն արդի աշխարհում: Վստահ եմ, որ այդ գործում իր ներդրումը կունենա Հայաստանում վերջերս բացված «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որն իր գործունեությամբ նպաստելու է բնապահպանական խնդիրների մասին հասարակության իրազեկմանը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը:
Հայաստանը համակարծիք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն մոտեցմանը, որ ներառական կրթությանը օգնում է ձևավորելու ավելի ճկուն և ժողովրդավարական կրթական համակարգ: Այդ համոզումքով է ներառական կրթությունը ընդգրկվել Հայաստանի 2008-2015թթ. Կրթության զարգացման ազգային ծրագրի մեջ` նպաստելով հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող դպրոցների քանակի ավելացմանը:
Մենք վերահաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում և ծրագրերում մեր ներգրավվածության հանձնառությունը: Այդ առումով կարևորում ենք Հայաստանի ներկայացուցիչների գործունեությունը Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման կոմիտեի շրջանակներում:
Մենք բարձր ենք գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն միջազգային ռեգիստրում աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության գրանցումը և լիահույս ենք, որ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները վերոնշյալ ռեգիստրում գրանցելու Հայաստանի հայտը նույնպես կընդունվի:
Կցանկանայի նաև վստահություն հայտնել, որ Հայաստանի կողմից ներկայացված հայկական այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակի, անվանի պոետ և կոմպոզիտոր Սայաթ Նովայի 300-ամյակի, ականավոր գիտնական և աշխրhագրագետ Անանիա Շիրակացու 1400- ամյակի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2012-2013 թթ ցուցակում կհաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից:
Տիկին նախագահ,
Հայաստանը մ.թ.ա. 4-րդ հազարամյակից ժառանգված մշակութային հուշարձաններով հարուստ երկիր է: Հայաստանում 33.000 պատմա-մշակութային հուշարձաններ գտնվում են պետական պահպանության ներքո, որոնք ընդգրկված են Ազգային ժառանգության պետական գրանցամատյանում:
Դարեր շարունակ հայ ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ և բազմաբնույթ մշակութային հուշարձաններ, որոնց մեծամասնությունը, հայտնի պատմական իրադարձությունների հետևանքով, այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Հայաստանի հարևանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում հայկական պատմական ժառանգության պահպանության հարցում:
Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ հոգատարություն է դրսևորում իր տարածքում տեղակայված հայկական հուշարձանների նկատմամբ: Վերոնշյալի վկայություն է Իրանի ներկայացմամբ Սբ. Թադեոս և Սբ. Ստեփանոս վանքերի և Ձորձոր մատուռի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը:
Հայ և իրանցի մասնագետների համատեղ ջանքերով Երևանում վերականգնվել է և գործում է 18-րդ դարի մզկիթ:
Խոստումնալից համագործակցություն է սկսվել այս համատեքստում հարևան Վրաստանի հետ:
Ցավոք, այդ դրական փորձը փոխադարձություն չի գտնում մեր մյուս հարևանների մոտ: Հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության արդյունքում համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են:
Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը համարվում է հիմնարար սկզբունք, մշակութային կամ կրոնական արժեքների հետևողական, պարբերական և միտումնավոր վնասումը կամ ոչնչացումը պետք է խստորեն դատապարտվի` անցյալի սխալների կրկնությունը կանխելու համար:
Անցյալ տարի «Հայկական խաչքարային արվեստը» ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Մենք ուրախ էինք այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել հայկական խաչքարերի հրաշալի այդ արվեստը:
Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության հրահանգով և ամենատես աչքի հսկողության ներքո մի քանի տարվա ընթացքում ոչնչացվեցին Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր նմանատիպ խաչքարեր` այն վերածելով ռազմական հրաձգարանի: Միջնադարյան հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված խաչքարերի ոչնչացումը այլ ժողովուրդների մշակույթի նկատմամբ կույր ատելության արտահայտություն է:
Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեայի բանաձևում նշվում է, որ դժբախտաբար «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:
Տիկին նախագահ,
Այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյակը: Այս հոբելյանը համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012 թվականին հռչակելուն: Այդ կապակցությամբ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, և մենք ակնկալում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների ակտիվ մասնակցությունը այդ միջոցառումներին:
Շնորհակալություն»:










