Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված երեկո Արգենտինայում
Հոկտեմբերի 28-ին Բուենոս Այրեսի «Սիրանուշ» հանդիսությունների սրահում կայացել է նորվեգացի ականավոր բեւեռախույզ, գիտնական, հումանիստ, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության ու Նորվեգիայի Թագավորության դեսպանությունների եւ Լատինական Ամերիկայում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կողմից:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, միջոցառմանը, որին ներկա էին արգենտինական իշխանությունների ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Արգենտինայի հայկական և նորվեգական համայնքների անդամներ, մտավորականներ, լրագրողներ, ելույթներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Նորվեգիայի Թագավորության դեսպան Նիլս Հաուգստվեյտը, Լատինական Ամերիկայում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի ղեկավար Էվա Դեմանտը: Առանձնապես հուզիչ էին Նանսենի անձնագրով 1923 թվականին Արգենտինա մուտք գործած Մարի Կարսակլյանի խոսքերը:
Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի մարդկային բարձր հատկանիշները, նրա անմնացորդ նվիրումը ինչպես ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների իրավունքների պաշտպանության, նրանց նանսենյան անձնագրեր տրամադրելու, միջազգային ատյանների ուշադրությունը հայ ժողովրդի հոգսերի վրա հրավիրելու, այնպես էլ հույն, ռուս, ուկրաինացի ժողովուրդներին մարդասիրական օժանդակություն ապահովելու գործում:
Միջոցառման սկզբին ցուցադրվել են հատվածներ «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» վավերագրական կինոնկարից, ինչպես նաև կայացել է համերգ նորվեգացի և հայ երաժիշտների մասնակցությամբ:










