Հայ երգիչները՝ ճապոնացիների համար. տեղի ունեցավ «Վերածնվիր Ճապոնիա» երգի տեսահոլովակի շնորհանդեսը (տեսանյութ)
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ «Վերածնվիր Ճապոնիա» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը նվիրված է 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի զոհերի հիշատակին:
Այն կատարում են հայկական էստրադայի ճանաչված երգիչներ Տիգրան Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Լիանան, Սարգիս Մանուկյանը, Սուսաննա Պետրոսյանը, Լանա Խաչատրյանը, Նելլին: Երգը գրվել է հենց Ճապոնիայի երկրաշարժի օրը: Նախաձեռնողն ու երգի երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, գործիքավորումը կատարել` Դավիթ Դավթյանը:
Նախագծի նպատակն է տարածել երգը Հայաստանի սահմաններից դուրս: Նախատեսվում է մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնել նախագծի շրջանակում: Դրանցից առաջինը նկարիչ-մոդելավորող Արմինե Գևորգյանի Alexis Accessories զարդերի ցուցահանդես-վաճառքն էր, որն էլ տեղի ունեցավ տեսահոլովակի շնորհանդեսից հետո:
Բարեգործությունից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Ճապոնիայի Սենդայ քաղաքի արվեստի դպրոցներից մեկին:










