Դժոխքն ազատ էր արձակվել. հնդիկ երկրպագուները քանդել են Metallica խմբի բեմահարթակը (տեսանյութ)

00:30 • 30.10.11

Լեգենդար Metallica խմբի առաջին ելույթը Հնդկաստանում հետաձգվել է անվտանգության նկատառումներով՝ նախօրեին խմբի երկրպագուների մասսայական անկարգությունների պատճառով: Վերջինները բառացիորեն քանդել են բեմը, որի վրա պետք է ելույթ ունենային երաժիշտները:

Անկարգություններից հետո ոստիկանները ձերբակալել են Հնդկաստանում շոուի կազմակերպիչներին` տեղեկացնում է РИА "Новости"-ին: Այնուամենայնիվ, Metallica-ն որոշել է ելույթ ունենալ կիրակի օրը` Բանգալոր քաղաքում:


Խնդիրները սկսվել էին դեռևս հինգշաբթի օրը: Հնդկաստանում առաջին անգամ անցկացվող «Ֆորմուլա-1» մրցաշարի մեկնարկին նվիրված մշակութային ծրագրի շրջանակում Metallica խումբը պետք է ելույթ ունենար Նյու-Դելիի արվարձան Գուրգաոնում:

Խմբի խորհրդանիշով սև վերնաշապիկներ հագած երկրպագուների հոծ բանակը նախապես սկսել է հավաքվել Գուրգաոն մարզադաշտի մոտ, որտեղ նախատեսված էր համերգը:

Երբ դարպասները բացվել են, մոտ 25 000 հոգուց բաղկացած ամբոխը ներխուժել է մարզադաշտ: Շուտով պարզ է դարձել, որ կազմակերպիչները վատ են նախապատրաստվել: Բեմի սարքավորումներն տեղադրված չեն եղել կամ վատ են աշխատել:

Ռոք երկրպագուների անկազմակերպ ամբոխը ջախջախել է բեմի դիմացի արգելափակոցները և կազմակերպիչներն անկարող են եղել վերահսկել այդ իրավիճակը: Արդյունքում հայտարարվել է, որ համերգը հետաձգվում է:


«Դժոխքն ազատ էր արձակվել». այսպես էին լրատվամիջոցները մեկնաբանել երկրպագուների գործողությունները: Երկու ժամ շարունակ նրանք ջարդում էին համերգային հարթակը, կոտրում աթոռները, ցանկապատնեշները և այլ թանկարժեք գույք, որի պատճառով 200 հազար դոլարի վնաս է հասցվել:

Շաբաթ օրը կազմակերպիչները համերգը չեղյալ են հայտարարել, որից հետո ոստիկանությունը ձերբակալել է համերգը կազմակերպող ընկերության գլխավոր տնօրենին և ղեկավարության ևս 3 ներկայացուցչի:

IANS գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են վստահության չարաշահման և խարդախության մեջ: Իշխանությունները նաև շեշտում են, որ ձերբակալվածների ոչ պրոֆեսիոնալ գործողությունները մեծ հարված են հասցրել երկրի հեղինակությանը:

Metallica խմբի անդամները հայտարարել են, թե խորը հիասթափություն են ապրել, որ համերգը չի կայացել: