EMPYRAY-ը նոր սկավառակում երգում է արտագաղթի մասին
«Եթե այն էներգիան, որ մենք ծախսում ենք լացուկոծի ու անցյալի հիշողությունների վրա, օգտագործենք այսօր ապրող մարդականց վիճակը լավացնելու համար, մեր վիճակն այն չի լինի, ինչ որ այսօր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց EMPYRAY խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:
«Հայաստանում մարդ չի մնում, արտագաղթը դարձել է մեծագույն խնդիր, որ սպառնում է բոլորիս: Ամբողջ հարցը նրանում է, որ մնում են ոչ թե նրանք, ովքեր ուզում են, այլ նրանք, ովքեր հնարավորություն չունեն գնալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ EMPYRAY խմբի նոր՝ «Մեկընդմիշտ» ձայնասկավառակում այլ սոցիալական խնդիրներ արտացոլող երգերի կողքին տեղ է գտել նաև մի կատարում, որ անդրադառնում է հենց այս խնդրին:
«Ես մեր երգերը ստուդիական ձայնագրումներից հետո դժվարությամբ եմ լսում, բայց «Վերադառնում եմ»-ը այս մի քանի օրը անընդհատ լսելու կարիք եմ ունենում, որովհետև սա զուտ երգ չի, այլ մեր ունկնդրին ուղղված ուղերձ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա երաժիշտ Գիսանե Պալյանի խոսքով՝ իրենց նոր ձայներիզի առանձնահատկությունը նաև այն է, որ դրանում տեղ են գտել նաև մաքուր հայկական, կոմիտասյան կատարումներ: «Ես ուրախ եմ, որ մեր ունկնդրին կարող ենք մատուցել մաքուր հայկական երգեր` առանց մուղամների ու օտար էլեմենտների և, եթե թեկուզ տասը ունկնդրի մեր մատուցած երաժշտությունը օգտակար լինի, ուրեմն մենք հասել ենք մեր նպատակին»,- ընդգծեց նա:










