Մեր երկրում անգամ պոպսան կարգին պոպսա չի, դա էլ է ռաբիսացվել. EMPYRAY-ի վոկալիստ
«Մենք ապրում ենք երկու իրականության մեջ. մենք գիտենք մշակույթի իրական արժեքը ու նաև այն, թե ինչ երաժշտություն ենք կոնկրետ ուզում լսել, բայց մյուս կողմից մեզ հրամցնում են վատորակ աղբ և համոզում, որ տալիս են այն, ինչ մենք ենք ուզում: Մեր երկրում անգամ պոպսան կարգին պոպսա չի, դա էլ է ռաբիսացվել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց EMPYRAY ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը: Նա համոզված է, որ Հայաստանում շատ են լավ ռոք խմբերն ու կատարողները, նրանց ուղղակի պետք է հնարավորություն տալ ներկայանալու և գտնելու հենց իրենց հանդիսատեսին:
«Մեր համերգների ժամանակ երբեք հանդիսատեսի պակաս չենք ունեցել: Նրանք մշտապես մեզ շատ լավ էներգետիկա են փոխանցել ու ոչ մի խնդիր չի եղել: Ես մեր մասին չեմ ասում, բայց շատ լավ խմբեր կան որոնց հանդիսատեսի աջակցությունն է պակասում: Պարտադիր չէ, որ մեկը օվկիանոսի այն կողմից գա ու նոր մենք գլխի ընկնենք, որ ինքը լավ երաժիշտ է: Ես անուններ չեմ տա այս անգամ, բայց չեմ կարող չնշել, որ «մոդայիկ» կամ «պահանջված» հասկացությունները ռոքի համար ուղղակի անընդունելի են»,- ասաց նա:
Խոսելով նոյեմբերի 3-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում կայանալիք խմբի մենահմերգի ու երրորդ ձայներիզի շնորհանդեսի մասին՝ Սարգիս Մանուկյանը նշեց, որ ամեն ինչ ինչպես միշտ կլինի բարձր մակարդակով և համերգասրահ այցելած կամ ձայներիզը ձեռք բերած յուրաքանչյուր երկրպագու կգտնի հենց այն կատարումը, որն իրեն պետք է:










