Կամերային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում
Լոս Անջելեսում մեծ հաջողությամբ են անցել Երևանի Կամերային թատրոնի հյուրախաղերը:
Ինչպես հայտնում են թատրոնից, հյուրախաղերը «Աշխարհի թատրոններ» փառատոնի շրջանակում կազմակերպել է ASA ART միջազգային հոլդինգը: Մոսկվա-Լոնդոն-Նյու Յորք-Լոս Անջելես` սրանք այն հիմնական քաղաքներն են, որտեղ իրականացնում է իր մշակույթային գործունեությունը ASA ART հոլդինգը:
«Մենք չվախեցանք հրավիրել ԱՄՆ Կամերային թատրոնը երեք անուն ներկայացումով, - ասել է ռեժիսոր, պրոդյուսեր և ASA ART հոլդինգի ու փառատոնի համահիմնադիր Արթուր Էլբակյանը: Մենք միտումնավոր կազմակերպեցինք թատրոնի խաղացանկային հյուրախաղեր, որպեսզի փառատոնի ժյուրին կարողանա գնահատելու մեծ հնարավորություն ունենալ: 20 տարի ոչ մի պրոֆեսիոնալ թատերական խումբ Հայաստանից չէր ներկայացել Ամերիկյան հանդիսատեսին»:
Թատրոնը ներկայացել է իր ողջ խմբով` տասնհինգ մարդ: ԱՄՆ են տեղափոխվել ներկայացումների դեկորներն ու հագուստը ամբողջությամբ: Կամերային թատրոնի՝ փառատոնին մասնակցությանն աջակցել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Մեկ ամսվա ընթացքում «Ի զեն» և «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումները հանդիսատեսին ներկայացվել են մեկ անգամ, իսկ «Կառավարական համերգ» ներկայացումը՝ երկու։
Գլենդեյլի քաղաքապետ Լորա Ֆրիդմանի կողմից ASA ART հոլդինգը, Երևանի Կամերային թատրոնը և մշակույթի նախարարը ստացել են պատվավոր սերտեֆիկատներ:
«Աշխարհի թատրոններ» փառատոնի մրցանակակիրները հայտնի կդառնան այս տարվա վերջին: Էլբակյանը հույս է հայտնել, որ փառատոնի ժյուրիի գնահատականին կարժանանա նաև Երևանի Կամերային թատրոնը:
«Աշխարհի թատրոններ» փառատոնը շարունակվում է Լոնդոն, Նյու-Յորք և Մոսկվա քաղաքներում:










