Իմ անունն օգտագործում են իրենց անձնական հարցերը լուծելու համար. Արաքս Մանսուրյան
Օպերային հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց ռուսալեզու «Էֆիր» պարբերականում հրապարակված այն տեղեկությունը, թե իրեն ՀՀ մշակույթի նախարարությունը թույլ չի տվել համերգ անցկացնել հայրենիքում։ Պարբերականը հոկտեմբերի 13–ին «Ինչու Արաքս Մանսուրյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ հայրենիքում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում, մեջբերելով Արաքս Մանսուրյանի եղբոր՝ Տիգրան Մանսուրյանի խոսքերը, ասվում էր, որ վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ «Արաքս Մանսուրյանը ոչ միայն ելույթ չի ունեցել Օպերայի և բալետի ազգային թատրոնում, այլև նրան նույնիսկ չեն առաջարկել ելույթ ունենալ Կամերային երաժշտության տան մեջ»։
Ըստ պարբերականի, Արաքս Մանսուրյանը խնդրել էր «գոնե դաշնամուր տրամադրել իրեն, որպեսզի ինքը կարողանա ելույթ ունենա Ազգային պատկերասրահի շենքում։ «Մշակույթի նախարարությունը, սակայն, աննկարագրելի անտարբերությամբ ասել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պատկերասրահում դաշնամուր տեղադրելը խնդիր է, բայց որպեսզի անշնորհակալ չերևան, առանց խղճի խայթի Արաքս Մանսուրյանին առաջարկել էին փոխել երգացանկը և ակապելա երգել»,–ասված է պարբերականում։
Երգչուհին Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ իրեն, պարզապես, ապշեցրել է այդ հրապարակումը, քանի որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում ինքը համերգ չի տվել։ «.... Ես որևէ մեկի դեմ որևէ բողոք չեմ ներկայացրել, պարզապես ինձ հրավիրող անձը հետաձգեց համերգը, քանի որ նա այդ օրերին Երևանում չէր լինելու և դա հասկանալի է, բայց իմ գալու նպատակը զուտ անձնական էր։ Ես Հայաստան էի եկել նաև CD-ներիս վրա աշխատելու համար, ես ընդհանրապես չեմ ճանաչում այդ հոդվածագրին, և կարծում եմ, որ անարդար և անազնիվ է օգտագործել Արաքս Մանսուրյանի անունը՝ անձնական հարցերը լուծելու համար»,– հրապարակումը մեկնաբանեց երգչուհին։
Այս պատմությունը մեկնաբանեց նաև Արաքս Մանսուրյանի դուստրը՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը. «Այնպիսի տպավորություն է, որ անձնական, շատ սուբյեկտիվ պրոբլեմները լուծելու համար «մորս քավության նոխազ են սարքել... ուզում եմ հասկանալ՝ որքան է այս ոչ պրոֆեսիոնալիզմը, անկրթությունը շարունակվելու»,– ասաց Շուշան Պետրոսյանը։










