Գառնու վերականգնվող կամուրջը Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության կամուրջ է. Ջոն Հեֆերն
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Գառնիի միջնադարյան կամրջի վերանորոգման մասին արարողակարգային հուշագիր ստորագրեցին: Կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից 2011 թվականին հատկացվել է 110 հազար ԱՄՆ դոլար: Սա մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է: Այսօր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշեց ԱՄՆ Դեսպաների մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 10-ամյակը:
«Այս տարի ծրագիրն ուղղված է Գառնիում կամրջի վերանորոգմանը: Ես դեռ չեմ տեսել կամուրջը, բայց անպայման կայցելեմ այդ վայրը, որ տեսնեմ կամրջի ներկայիս վիճակը, համեմատեմ այն վերանորոգումից հետո: Գառնու կամուրջը ոչ միայն Միջնադարյան Հայաստանի մշակութային և ճարտարապետական կոթող է, այն նաև մշակույթի ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցության կամուրջ է»,- ասաց դեսպանը:
Խոսելով կամրջի պատմամշակութային նշանակության մասին՝ Հասմիկ Պողոսյանն ասաց, որ դրա մասնակի վերանորոգում եղել է 2006 և 2010 թվականներին, կամուրջը ամեն վայրկյան կարող էր փուլ գալ: Բյուջեից հատկացված միջոցներով այն ամրացվել է, այս ծրագիրը հնարավորություն կտա վերականգնել 11-րդ դարի ճարտարապետական կոթողի պատմամշակութային տեսքն ու լիարժեքորեն շահագործել այն: Նախարարի խոսքով, հենց այս կամրջով է անցնում դեպի Խոսրովի արգելոցում գտնվող բերդեր և եկեղեցիներ տանող ամենակարճ ճանապարհը:
«Ինչպես տղամարդկանց մասին կարելի է դատել իրենց վերաբերմունքով կանանց նկատմամբ, նույն կերպ կարելի է դատել երկրների մասին մշակութային արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքով»,- ասաց նախարարը:
Հայաստանում ԱՄՆ Դեսպանների մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից 5 ծրագիրն է ֆինանսավորվում: Հայաստանի կինոարխիվի պահոցում ժամանակակից ջերմաօդային համակարգ է տեղադրվել, մաքրվել է 9-րդ դարի Տաթևի վանքի տարածքը, պարսպապատվել է միջնադարյան խաչքարերի ամենամեծ հավաքածուի տարածքը` Նորատուսի գերեզմանատունը, իրականացվել է Ազգային պարի և երգի պահպանության ծրագիր: Գառնու կամրջի վերականգնումը 5-րդ ծրագիրն է:










