Թուրքիայում հայկական պատմական արժեքները վերանում են անկախ տարերային աղետներից. հուշարձանագետ
Հայկական պատմական հուշարձարանները Վանի ավերիչ երկրաշարժից, ամենայն հավանականությամբ, ավելի շատ են տուժել, քան կարելի էր ենթադրել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա՝ հայկական հուշարձանները Թուրքիայում արդեն կիսավեր վիճակում են և դրանք առանց հիմնավոր պատճառի էլ մի օր ուղղակի կարող են գետնին հավասարվել:
«Թուրքական կառավարությունը այնպիսի քարոզչություն է տանում, որ հայկական պատմական արժեքները օրեցօր վերանում են անկախ տարերային աղետներից: Օրինակ, ասում են՝ Վարագա վանքի սյունասրահը քանդվել է երկրաշարժից, բայց հաշվի չի առնվում, որ այն այնքան էր քարուքանդ եղել ու ավերվել գանձախույզների կողմից, որ անգամ եթե ոչ մի երկրաշարժ էլ չլիներ միևնույնն է, քանդվելու էր»,- նշեց Սամվել Կարապետյանը: Ըստ նրա՝ նույն բախտին են արաժանացել նաև Թուրքիայում քիչ թե շատ կանգուն մնացած մյուս եկեղեցիները, որոնց անունները Թուրքական կառավարությունը ուղղակիորեն չի հոլովում: «Ես համոզված եմ, օրինակ, որ մեր Սքանչելագործ եկեղեցին այլևս չկա, որովհետև այն արդեն իսկ կանգնած էր միայն կրաշաղախ հիմքի վրա, հանված էին բոլոր սրբատաշ քարերը ու այն ամենը, ինչ իրենից ինչ-որ արժեք կարող էր ներկայացնել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք խումբ ուղարկել և տեղում պարզել, թե ինչ վիճակում են հայկական հուշարձանները, հուշարձանագետը դրական պատասխան տվեց` ասելով, որ դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում, միայն պետական մոտեցում և ֆինանսավորում է պահանջում:










