Եկող տարի կվերանորոգվի Սանահինի եկեղեցին
«Հայաստանում գտնվող պատմական հուշարձանների մեծ մասը գտնվում է վթարային վիճակում։ Դրան նպաստել են ոչ միայն երկարաշարժերը, այլև ժամանակը, տեղակայման դիրքն ու այլ գործոններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց
Մշակույթի նախարարության պատմական և մշակութային հուշարձանների պահպանման գործակալության պատմական միջավայրի և հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության պետ Դորվարդ Առուշանյանը: Նա ավելացրեց, որ ամեն տարի պետական բյուջեից որոշ գումար է հատկացվում հուշարձանների պահպանության ու վերականգնման համար, սակայն առայժմ այդ գումարն այնքան մեծ չէ, որ հնարավոր լինի վերականգնել մեծ թվով հուշարձաններ:
Արդյունքում Սպիտակի երկրաշարժից ավերված շուրջ 2000 եկեղեցիներից այս տարիների ընթացքում վերանորոգվել է միայն երեք–չորս հուշարձան: «Եթե եկեղեցին կամ հուշարձանը լիարժեք չի, կիսատ է, նրա սեյսմակայունությունը կտրուկ նվազում է: Մյուս տարվա մեջ նախատեսում ենք վերանորոգել Սանահինի եկեղեցին: Սակայն մեր նպատակը այն չէ, որ սեյսմակայունությունը վերականգնվի, մենք պետք է նախկին տեսքին բերենք պատմական հուշարձանը և վերականգնենք նրա նախկին տեսքը»,- ասաց Դորվարդ Առուշանյանը:










