Իսլամացած սիրիահայերը իրականում Թուրքիայի ֆորպոստն են Սիրիայում. պատմաբան
«Սիրիայում երկու արաբականացված իսլամացած հայ հավաքականություն կա, որի մասին երբեք չի խոսվում։ Դրանք ծագումով հայեր են, որոնց նախնիները բռնությամբ են իսլամացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց պատմաբան, ազատ լրագրող Գևորգ Յազճյանը: Ըստ նրա՝ այդ հայերն անգամ չգիտեն Հայաստանի տեղը և առհասարակ չեն ընդունում իրենց հայկական ծագումը: «Այս մարդիկ իրականում հանդիսանում են Թուքիայի ֆորպոստը Սիրիայում` հետագայում խառնակություններ հրահրելու համար»,- ասաց պատմաբանը։
Նրա խոսքով` ներկայումս Սիրիայում բնակվում է 70-75 հազար հայ: Սիրիահայ գաղթօջախը բաժանված է 4 մասի` ծովեզերք` Լաթաքիա-Քեսաբ, Դամասկոս, Հալեպ և հյուսիս-արևելյան շրջան:
Յազճյանը ներկայացրեց, որ կան արաբախոս հայեր, որոնց մոտ շատ ցածր է ազգային ինքնագիտակցությունը, նրանք ձուլման վտանգի տակ են, և կան հայախոս հայեր:
Սիրիահայ համայնքը տարբաժանված է լեզվական և դավանանքի առումով, անգամ հայախոս սիրիահայերը առանձին եկեղեցի են հիմնել: Իսկ լատինացած հայ համայնքում ազգայինը երբեմն արթնանում է` կապված համահայկական ցնցումների հետ, օրինակ՝ ավերիչ երկրաշարժի կամ Արցախյան հաղթանակների հետ կապված:
Պատմաբանն ասաց, որ հայերը Սիրիայում առաջին անգամ հայտնվել են դեռ Տիգրան Մեծի ժամանակաշրջանում, սակայն հայերի արտագաղթը դեպի Սիրիա մեծացավ Բագրատունիների թագավորության անկումից և 1915թ. ցեղասպանությունից հետո: 1958-61 թթ. սիրիահայ համայնքն անընդհատ ճնշումների էր ենթարկվում, մանավանդ այն բանից հետո, երբ 1961թ. Սիրիայի իշխանությունները հայտնաբերեցին հայ լրտեսական մի խումբ, որը գործում էր Իսրայելի և ԱՄՆ-ի օգտին: Ըստ Յազճյանի՝ ամեն անգամ, երբ Սիրիայի հարաբերությունները լավացել են Թուրքիայի հետ, նա սկսել է ճնշել սիրիահայ համայնքին թե որպես կրոնական, թե որպես ազգային փոքրամասնություն:










