Հայտարարվում է Նա/Նե լրագրողական 4-րդ մրցույթը

18:31 • 03.11.11

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը:

Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և BMI ավիաընկերության հետ համատեղ։

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նախատեսվում է նաև հանրային քվեարկություն Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում։

Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

Անվանակարգեր

1. Հեռուստատեսային նյութ
2. Տպագիր հոդված
3. Ռադիոնյութ
4. Առցանց և բլոգի հոդված
5. Ֆոտո ռեպորտաժ (մեկ կամ ավելի լուսանկարներ)
6. Սոցիալական և առևտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը։

Մրցանակներ

1-ին մրցանակ- Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 ՀՀԴ
2-րդ մրցանակ- Հավաստագիր և 150.000 ՀՀԴ
3-րդ մրցանակ- Հավաստագիր և 75.000 ՀՀԴ

 

 


Հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից

1. Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր և մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
2. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհի Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
3. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հատուկ մրցանակ կշնորհի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին:

Հայտերն ընդունվում են մինչև 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում։


Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ, մինչև դեկտեմբերի 10-ը Բաղրամյան 24 հասցեով, դեկտեմբերի 11-ից Ալեք Մանուկյան 9 հասցեով, կամ ուղարկել nane@britishcouncil .am էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։