Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ Սվետլանա Գրիգորյանին և Ժենյա Ներսիսյանին
Հայ թատերական արվեստում ներդրած մեծագույն ավանդի, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Շնորհավորելով վաստակաշատ դերասանուհիներին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ընդգծել է նրանց վաստակն ու անգնահատելի ավանդն ինչպես բեմական ասպարեզում, այնպես էլ սերունդների դաստիարակության գործում։
Կարևորելով թատրոնի դերը հասարակական կյանքում՝ Տարոն Մարգարյանը նշել է. «Ձեր մեծարանքը գնահատվել է հանդիսատեսի ծափահարություններով և լեփ-լեցուն դահլիճներով։ Մենք բոլորս շատ ենք սիրում ձեզ և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, որ դուք այսօր մեր կողքին եք ու շարունակում եք հարուստ պահել մեր թատերական մշակույթը»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար` Սվետլանա Գրիգորյանը և Ժենյա Ներսիսյանն իրենց հերթին խոսել են թատրոնի այսօրվա խնդիրներից ՝ ակնկալելով քաղաքապետարանի աջակցությունը։ Հանդիպման ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրուցակիցները խոսել են նաև մայրաքաղաքի կյանքին առնչվող տարբեր հարցերի շուրջ։










