Ազգագրական երգն ու պարը աջակցության կարիք ունեն. «Սասուն» համույթի ղեկավար
Ազգագրական երգն ու պարն այսօր մեծ աջակցության ու հոգածության կարիք ունեն։ Այսօր լրագրողներին իր մտահոգությունները ներկայացրեց «Սասուն» ազգագրական երգի, պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Ըստ նրա՝ սխալ քարոզչության ու ոչ իրական արժեքների պրոպագանդման արդյունքում հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը հեռանում է իր արմատներից, որն էլ պատճառն է բոլոր խնդիրների, որոնց առջև կանգնած ենք այսօր: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը փորձում է խնդրին լուծում տալ սեփական ուժերով: Նրա «Լիլի» և «Հայոց աշխարհ» տեսաերիզները եռալեզու գրքույկի հետ շուտով կլինեն վաճառքում, իսկ «Կարոտ-Նարոտ» տեսահոլովակը, որ նկարահանվել է Պաշտպանության նախարարության օժանդակությամբ, անվճար բաժանվել է սահմանամերձ զորամասերում:
Ավելի մեծ մտահոգության առարկա է Մանուկյանի՝ Արևմտյան Հայաստանում նկարահանած «Տեր Ողորմեա» ֆիլմը: Բացառիկ դրվագներով այս ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 22-ին, բայց մինչ օրս ոչ մի հեռուստաալիքով այն ցուցադրելու հնարավորություն չի ընձեռվում:










