Հայ արվեստասերները կծանոթանան եգիպտական մշակույթին
Մոտ մեկ շաբաթ հայ արվեստասերները հնարավորություն կունենան շփվելու եգիպտական հինավուրց մշակույթի հետ: «Հայաստանում եգիպտական մշակութային օրեր» միջպետական ծրագրի մեկնարկը տրվեց այսօր` ազգային պատկերասրահում` եգիպտահայ նշանավոր երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի և եգիպտացի ժամանակակից 13 լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությամբ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը:
Եգիպտական օրերի շրջանակում նոյեմբերի 7-ին հայ հանդիսատեսը Ալ .Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնարավորություն կունենա վայելելու Կահիրեի օպերայի և բալետի թատրոնի «Անկախ ամեն ինչից» և «Եգիպտական գիշերներ» ներկայացումները:
Նոյեմբերի 7-10-ը նախատեսվում են եգիպտական ֆիլմերի ցուցադրություններ «Նաիրի» կինոթատրոնում: Կցուցադրվեն «Էլ մոլուեդ», «Ճակատագիր», «Մեկնման ուրբաթ» և «Մումիա» ֆիլմերը:
Նոյեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում աշխարհի մնջախաղի 20 լավագույն վարպետներից մեկը համարվող Ահմեդ Նաբիլը հանդես կգա թատերական ներկայացմամբ: Նախատեսվում են մանկական ներկայացումներ և վարպետության դասընթացներ:
Մշակույթի օրերի շրջանակում Եգիպտոսի պատվիրակությունը մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա նաև մեր երկրի պետական պաշտոնյաների հետ:










