Աբովյան-Մոսկովյան խաչմերուկին Նանսենի արձանը կկանգնեցվի
Անվանի բևեռախույզ, գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները կամփոփվեն նոյեմբերի 9-ին: Տոնական միջոցառումները կսկսվեն դեռ առավոտից, երբ Աբովյան -Մոսկովյան փողոցների հատման մասում կտեղադրվի մեծ հումանիստի հուշարձանը:
Այնուհետև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կբացվի լուսանկարների ու գրքերի ցուցահանդես, որը հնարավորություն կտա այցելուներին ծանոթնալու հազարավոր հայերի կյանք փրկած և «հայ» բառը շուրթերին կյանքից հեռացած խաղաղության դեսպանի կենսագրության մանրամասներին: Երեկոն կամփոփվի տոնական համերգով, որի ժամանակ կհնչեն hայ և նորվեգացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ի դեպ, հոբելյանական երեկոյի ընթացքում Է.Գրիգի և Յ. Հալվորսենի ստեղծագործությունները կկտարեն հայ, իսկ Ա. Խաչատրյանի և Ա. Հարությունյանի ստեղծագործությունները՝ նորվեգացի կատարողներ: Օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը և շեփորահար Թորմոդ Ասգարդը:
«Ես Հայաստանում առաջին անգամ եմ, և այստեղ առաջին բանը, որ աչքի զարնեց, մարդկանց՝ դեպի լավը ձգտումն է: Շատ լավ երաժիշտներ ունեք, որոնք շատ ավելի լավ կստեղծագործեին, եթե կենցաղային հոգսեր հոգալուն ավելի քիչ ժամանակ տրամադրեին: Իսկ միջոցառումների հետ կապված ուղղակի չեմ կարող չասել, որ հաճելիորեն զարմացած եմ: Ես չէի սպասում, որ իմ հայրենակիցը այսպիսի մեծ ճանաչում կունենա: Մեզ մոտ նրան ճանաչում են որպես ճանապարհորդ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիրիժոր Թերջե Միկելսոնը:










