The Beautified Project-ը համերգ տվեց` նվիրված Դանիել Փերլի հիշատակին

15:00 • 08.11.11

Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ The Beautified Project ռոք խմբի համերգը` նվիրված Դանիել Փերլի հիշատակին:

Դանիել Փերլը ամերիկացի հետաքննող լրագրող և սիրողական երաժիշտ էր: Նվագում էր ջութակ և մանդոլինա աշխարհի տարբեր ազգերի երաժիշտների հետ: Նա սպանվել է 2002թ. Պակիստանում ծայրահեղականների կողմից: Մահվանից հետո նրա ընկերներն ու ընտանիքը ստեղծել են Դանիել Փերլի անվան հիմնադրամը, որը ձգտում է երաժշտության միջոցով վերացնել մշակութային ու կրոնական ատելությունը, խրախուսել պատասխանատու և հավասարակշռված լրագրողական աշխատանքը և նպաստել խաղաղությանը:

Երևանյան համերգը կազմակերպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` Դանիել Փերլի հիշատակին նվիրված 10-րդ ամենամյա համերգաշարերի շրջանակում, որոնք անցկացվում են ամբողջ աշխարհում:

Համերգի հյուրերն էին ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերի մասնակից դպրոցականները և ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան ընկերները, ինչպես նաև նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ հետ։ Դեսպանը հանդես եկավ The Beautified Project խմբին ու հյուրերին ուղղված ողջույնի խոսքով: