Ճարտարապետներն անթույլատելի են համարում «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը

16:17 • 09.11.11

«Հրազդան» մարզադաշտի տարածքում 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոնի կառուցումը կվտանգի մարզադաշտի գոյությունը։ «Դա մեծ խոչընդոտներ կառաջացնի «Հրազդան» մարզադաշտի հետագա շահագործման համար, կստեղծի վթարային վիճակ, քանի որ այդ կենտրոնը կառուցվելու է մարզադաշտի էվակուացիոն մասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով` սպորտային բնույթի կառույցին հարող հասարակական տարածքը այսպիսով վերածվում է առևտրային գործառույթ իրականացնող մասնավոր օբյեկտի: Ըստ Մկրտիչ Մինասյանի` հետո կկառուցվեն նաև հյուրանոցներ, սրճարաններ և վտանգի տակ կդրվի թե կառույցի, թե մարդկանց անվտանգությունը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նշեց, որ կան հստակ ուսումնասիրություններ, նորմեր, թե որքան ժամանակ է պահանջվում «Հրազդան» մարզադաշտում արտակարգ պատահարի դեպքում մարդկանց տարհանման համար: Նրա խոսքով` Արտակարգ իրավիճակների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել, համաձայն որի` անթույլատրելի է մարդկանց տարհանման տարածքում նոր առևտրային կենտրոնի շահագործումը:

«Հուսով եմ՝ հայկական ֆուտբոլը վերելք կապրի, այդ դեպքում տարածքի սեփականատերերը պիտի մտածեն ոչ թե առևտրի կենտրոն կառուցելու, այլ ամբողջ տարածքը անվտանգ դարձնելու մասին»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը:

Ճարտարապետների միության նախագահ Ռուբեն Հասրաթյանն իր հերթին նշեց, որ «Հրազդան» մարզադաշտը Երևանի բրենդերից մեկն է, քիչ-քիչ Երևանի ողնաշարն է քանդվում, գլխավոր հատակագիծն է խախտվում, և ճարտարապետներն իրենց պարտքն են համարում բարձրաձայնել դրա մասին:

«Մարդիկ կան, որ ի պաշտոնե սխալ խորհուրդներ են տալիս, սխալ որոշումներ կայացնում, որոնք հղի են սարսափելի հետևանքներով, նրանք ավելի շատ են մեղավոր, քան այն սեփականատերերը, որ առևտրի կենտրոն են կառուցում, մեր խնդիրն է` պահպանել մեր կառույցները, որ սեփականատերերն էլ նպատակային օգտագործեն իրենց սեփականությունը»,- ասաց Ռուբեն Հասրաթյանը: