Արամեի պրոդյուսերը խոստանում է պատժել մեղավորներին օրենքի ողջ խստությամբ
«Ես զարմանում եմ էս լրատվամիջոցների վրա, փոխանակ խոսեն այն մասին, որ Արամեն փայլուն համերգ է ունեցել՝ կատարողականության բարձր մակարդակով, խոսում են, թե բեմը քանդվել է, էկրաններն ընկել են, 8000 հոգանոց դահլիճում 5000 հոգի է եղել: Այո, եղել է նման բան, և դա շատ տհաճ է, բայց դա կազմակերպիչների մեղավորությամբ ու նրանց փնթի աշխատանքի արդյունքում է եղել»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց երգիչ Արամեի պրոդյուսեր Արմեն Ամիրյանը:
Այն հարցին, թե ինչ է պատրաստվում այս պարագայում անել Արամեն կամ նրա պրոդյուսերական խումբը` Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Մենք իհարկե պայմանագիր ունենք, և նրանք դեռ պատասխան են տալու»։
Ինչ վերաբերվում է համերգի կազմակերպիչներին` Արամեի պրոդյուսերը չցանկացավ բարձրաձայնել նրանց անունները. «Այս պահին թույլ տվեք չբարձրաձայնել կազմակերպիչների անունները, քանի որ մենք դեռևս բանակցային փուլում ենք, բայց եթե կարիք լինի, մենք ինքներս կխնդրենք Ձեզ, որպեսզի միջամտեք և օգնեք մեզ: Այս պահին կարող եմ ասել միայն, որ մենք պատժելու ենք մեղավորներին խստության բոլոր օրենքներով»:










