«Ժաննան և ձայները» ֆիլմի ռեժիսորը «Ոսկե ծիրանի» տեխնիկայով կնկարահանի հաջորդ ֆիլմը (տեսանյութ)

14:47 • 09.11.11

Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հոկտեմբերին Հարավային Կորեայի Պուսան քաղաքում մասնակցել է Ասիայի ամենամեծ կինոփառատոնին՝ Busan International Film Festival-ին: Համաշխարհային կինոյի պաշտոնական մրցույթին մասնակցելու համար բազմաթիվ հայտերից ընտրվել էին ընդամենը 10 ֆիլմ: Փառատոնին մասնակցել են ֆիլմեր Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Թուրքիայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Լեհաստանից: «Ժաննան և ձայները» մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում և ստացել ոչ պակաս հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակցելու հրավերներ: Հունվարին ֆիլմը կմասնակցի Գյոթեբորգի միջազգային փառատոնին:

«Ես, որպես հանդիսատես և կինոգետ, կարող եմ ասել, որ սա միջազգային համագործության արդյունքում ծնված շատ հետաքրքիր նախագիծ է և օրինակ կարող է ծառայել երիտասարդների համար, թե ինչպես կարելի է միջոցներ հայթայթել և դուրս գալ միջազգային ասպարեզ»,- ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ միայն մասնակցությունը փառատոնին արդեն իսկ մեծ ձեռքբերում է և չի կարելի ասել, որ եթե այն մրցանակ չի ստացել, ուրեմն պակաս տաղանդավոր մարդիկ են աշխատել այդ ֆիլմի վրա:

Ֆիլմի սյուժեի հիմքում Ժաննա դ՛Արկի պատմության ժամանակակից մոտեցումն է: Հերոսուհին շրջում է Հայաստանում, և նրա միջոցով հանդիսատեսը ճամփորդում է է Հայաստանի համարյա բոլոր մարզերում և իմանում շատ հետաքրքիր պատմություններ։ «Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է ֆիլմը տեսնել, քան պատմել նրա պատմությունը: Միայն ուզում եմ նշել, որ նկարահանման ընթացքը մեզ համար պակաս կարևոր չէր, քան փառատոնին մասնակցությունը: Քանի որ մենք էլ հերոսուհու հետ հնարավորություն ունեցանք շրջելու ամբողջ երկրում և ինքներս մեզ համար բացահայտելու շատ կարևոր հանգամանքներ»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Միքայել Վաթինյանը:

Ֆիլմի գլխավոր դերասահուհու՝ Արմինե Անդայի խոսքով՝ ֆիլմում իր կերտած հերոսուհին այնքան էլ շատ չի տարբերում Ժաննա դ՛Արկից: «Իմ հերոսուհին նույնպես հավատաց է իր ներքին ձայնին և գնաց փրկելու մի մարդու: Նա չիրականացրեց համամարդկային նշանակության գործեր, բայց կարծում եմ՝ պակաս կարևոր չէ մեկ անհատի փրկության հարցը»,- նշեց նա ՝ավելացնելով, որ ֆիլմը ներքին զգացողությունների մասին է: Առաջին պլանում դրված են հոգեբանական խնդիրներն ու ներքին հուզումները: Ֆիլմում շատ չեն երկխոսությունները, բայց անընդհատ լսվում են ձայներ՝ բնության, կենդանական, մեքենաների: «Իմ զգացողությամբ, եթե չլսենք՝ մարդիկ ինչ են խոսում, ավելի զգացողական մակարդակի վրա կտանի հանդիսատեսին և ավելի սիմվոլիկ կլինի»,- նշեց ֆիլմի ռեժիսորը: «Խոսքը շատ վտանգավոր է:

Նախ և առաջ այն շատ շուտ հնանում է և կարող է բոլորովին այլ ուղղությամբ տանել հանդիսատեսի ուշադրությունը»,- ավելացրեց Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ ինքը այնքան է հավանել ֆիլմը, որ «Ոսկե ծիրանի» կողմից տալիս է ստեղծագործող մարդու համար ամենամեծ մրցանակը: Նրանք հնարավորություն կունենան իրենց հաջորդ ֆիլմը նկարահանել «Ոսկե ծիրանի» տրամադրած տեխնիկայով: Ենթադրվում է, որ «Ժաննան և ձայները» ֆիլմի հայաստանյան պրեմիերան նույնպես կլինի «Ոսկե ծիրանի» շրջանակում: