Շանհայում բացվել է արվեստի բացառիկ հյուրանոց
Ժամացույցների համաշխարհային Swatch Group ընկերությունը շքեղորեն վերականգնել է Peace Hotel-ի նախկին Հարավային կառույցը (South Building) և վերածել այն հիասքանչ արտ-հոթելի, որը գտնվում է Շանհայի սրտում գտնվող ամենաթանկ և հեղինակավոր շրջանում`այսպես կոչված Magnificent Mile-ում: Այս մասին հայտնում է style.rbc.ru-ն:
Հյուրանոցն աչքի է ընկնում եզակի ժամանակակից հայեցակարգով: Տեղակայված լինելով Չինաստանի դինամիկ զարգացող քաղաքներից մեկում` այն կդառնա տուն և արվեստանոց ամբողջ աշխարհի նկարիչների համար: Վերականգնողական աշխատանքների ժամանակ պատմական կառույցի 2 հարկերը համալրվել են 18 արվեստանոցով և բնակելի տարածքներով:
Արվեստի այս ընդարձակ ստուդիաները կարող են հագեցած լինել այն ամենով, ինչն անհրաժեշտ է արվեստի աշխարհի ներկայացուցիչների համար, իսկ ռեստորանները և հանգստի սենյակները կնպաստեն հաճախակի այցելություններին, ինչպես նաև մտքերի և փորձի փոխանակմանը: Նկարիչները, որոնք կապրեն և կաշխատեն Swatch Art Peace Hotel-ի շքեղ միջավայրում, կդառնան ստեղծագործական եզակի համայնքի մասնակիցներ, որի նմանն աշխարհում չկա:
Swatch Group ընկերության ռեստորանը և հյուրանոցը կղեկավարի YTL Hotels ընկերությունը, որի շտաբը գտնվում է Սինգապուրում:
Ծրագրին մասնակցելու համար կհրավիրվեն արվեստի տարբեր ուղղությունները ներկայացնող նկարիչներ: Նրանք հնարավորություն կունենան ապրել և աշխատել Swatch Art Peace Hotel –ում մինչև 6 ամիս: Մասնակիցներին կընտրի և կհավաքագրի հատուկ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է Swatch Group ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը, PPR ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը, հայտնի դերասան Ջորջ Քլունին և այլք:










