Popok-ի Գրան պրին ստացել է վրացական գովազդային ընկերությունը
Հոկտեմբերի 27-29-ը Երևանում անցկացված Popok միջազգային փառատոնի կազմակերպիչները այսօր ամփոփեցին միջոցառման արդյունքերը: Նրանց բնորոշմամբ, փառատոնն «ընդհանուր գծերով լավ անցավ», և հաջորդ տարի նախատեսվում է ավելի ընդլայնել փառատոնի շրջանակները: Ներկայացված 450 աշատանքից լավագույնը ճանաչվեց և Գրան պրիի ու ԶԼՄ-ների հատուկ մրցանակի արժանացավ վրացական Windows Advertising ընկերությունը, որը բանկային գովազդային արշավ էր արել և շատ հետաքրքիր հոլովակներ էր բերել:
Խոսելով հայկական գովազդային շուկայի զարգացման մասին՝ Popok-ի կազմակերպիչները նշեցին, որ այսօր Հայաստանն նույն քայլերն է անում, ինչ Ռուսաստանը՝ 90-ականներին:
«Ի դեպ, այստեղ հարցը ոչ թե տեխիկայի և ֆանտազիայի մեջ է, այլ գործի կազմակերպման մեջ: Հայաստանում գովազդի գները շատ ցածր են, որը հնարավորություն է տալիս արտասահմանյան գովազդատուների շատ էժան գներով գովազդ տեղադրել Հայաստանում, ինչի արդյունքում հայաստանյան բանկեր զգալիորեն քիչ գումար է մտնում, քան անգամ տարածաշրջանում որևէ երկրում: Միշտ ասում ենք, որ հայերը հնարամիտ ազգ են, խելացի, և դա հենց այդպես էլ կա, բայց չգիտես ինչու, երբ հարցը հասնում է բիզնեսին, մենք չենք կարողանում ճիշտ գործել»,- ընդգծեց կազմակերպիչներից Արմեն Մարտիրոսյանը: Նա ավելացրեց, որ վարպետության դասընթացները, որ իրենք շատ կարևորում էին, այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացրել. «հայկական գովազդային ընկերությունները չօգտվեցին բացառիկ հնարավորությունից»: Այնինչ, ըստ նրա, Հայաստանի նման փոքր շուկայում, որտեղ գովազդային դաշտն այնքան էլ զարգացած չի, արտասահամանյան վարպետների թանկարժեք խորհուրդները ավելի քան տեղին կլինեին:
Փառատոնի կազմակերպիչների դիտարկմամբ՝ ներկայացված աշխատանքների կեսից ավելին սոցիալական հոլովակներ են եղել, որոնք էլ արժանացել են հիմնական մրցանակներին:
«Գովազդային մրցույթը շատ կարևոր է ներկայացվող ընկերությունների համար, որովհետև նրանք նախ և առաջ իրենց համար ռեյտինգ են ապահովում: Այս տարի Հայաստանը ընդգրկեց վարկանիշային աղյուսակի մեջ և մասնակիցները հնարավորություն ունեցան ընդգրկվելով շորթ լիստի մեջ իրենց համար միավորներ ապահովեն հետագայի համար»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանից այս տարի փառատոնին ներկայացվել էր ավելի շատ աշխատանք, քան անցյալ տարի: Հայ գովազդատուներից ամենաշատ մրցանակներին արժանացել է «Ստատուս հոլդինգը», որի նկարահանած գովազդները, հատկապես «Բիլայն» ընկերության տեսահոլովակները, անընդհատ պտտվում են հայկական եթերում:
Այս տարի փառատոնին չեն մասնակցել թուրք գովազդատուները, բայց նախատեսված էր, որ փառատոնի ղեկավարը լինի թուրքական գովազդի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Փոլադ Քարաթը: Նա, սակայն, չի կարողացել գալ, քանի որ երեխան հիվանդացել է: «Մերոնք էլ այնքան կողմ չէին, որ փառատոնի ղեկավարի թուրք մասնագետ, քանի որ մեր մտահղացմամբ գովազդը պետք է փրկեր Նոյը և այնքան էլ ճիշտ չէր լինի, որ նա թուրք լիներ: Բայց հետաքրքիր բան եղավ. հաջորդ օրը նա եկավ ու ասաց, որ շատ էր ուզում գալ և ափսոսում է, որ չեկավ Հայաստան, որովհետև իր նախնիները հայ են եղել»,- պատմեց Արմեն Մարտիոսյանը:










