Հայերը Զեյթունի Ավետարանի 7 էջերի համար 50 միլիոն դոլար են պահանջում

09:57 • 11.11.11

 Հայկական եկեղեցին շարունակում է ամերիկյան թանգարանից պահանջել Զեյթունի Ավետարանի առաջին 7 էջերը։

Ինչպես թուրքական «Սաբահ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է ճանաչված ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիյանը, որը դատարանում պաշտպանում է Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսության շահերը,  Լոս Անջելեսի Գետտիի թանգարանի դեմ ներկայացված հայցի առնչությամբ հերթական դատալսման ժամանակ իրենք պահանջել են իրենց սեփականության իրավունքը ճանաչել հայտնի Ավետարանի էջերի նկատմամբ և այն վերադարձնել իրենց։

«Այդ էջերն ուսումնասիրել է հայ պրոֆեսորը և հաստատել, որ դրանք Հայաստանում պահվող հայտնի Զեյթունի Ավետարանի մասն են։ Մենք պահանջում ենք՝ ընդունեն, որ այդ էջերը մեզ են պատկանում։ Եկեղեցու ցանկության դեպքում դրանք կարող են ցուցադրվել։ Սակայն եթե համաձայնություն ձեռք չբերվի, որպես փոխհատուցում պահանջելու ենք 50 միլիոն դոլար»,– ասել է փաստաբան Եղիյանը՝ նշելով, որ գործի առնչությամբ հերթական դատալսումը տեղի է ունենալու 2012թ. մայիսին:

Հիշեցնենք, որ Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 2010թ. դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գետտիի թանգարանի դեմ և պահանջում է վերադարձնել Զեյթունի Ավետարանի առաջին 7 էջերը։ Թանգարանն այդ էջերը ձեռք է բերել 1994թ. մասնավոր հավաքածուից։

Թորոս Ռոսլինի մանրանկարներով զարդարված Զեյթունի Ավետարանը ստեղծվել է 1256 թվականին։ Ներկայումս այն պահվում է Մատենադարանում, իսկ դրա առաջին 7 էջերը՝ ամերիկյան թանգարանում։