Վարչապետը սիրում է ռոք, բայց մասնակցում է նաև Թաթայի համերգին (լուսանկարներ, տեսանյութ)
Նոյեմբերի 10-ին Թաթա Սիմոնյանի համերգով մեկնարկեց Երիտասարդության համաշխարհային օրվան և Ուսանողության միջազգային օրվան նվիրված համերգաշարը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։
Համերգին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և իր անունից շնորհավորել է երիտասարդներին տոների առթիվ՝ նշելով, որ երիտասարդները մեծ ուժ են, և այդ ուժի համախմբումը մեր երկրին կբերի մեծ նվաճումներ։ ՀՀ վարչապետը նշել է, որ երիտասարդները պետք է կերտեն այն հայրենիքը, որի մասին երազում ենք։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, երիտասարդական տոների առթիվ իր շնորհավորական խոսքում նշել է, որ երիտասարդությունը եղել և մնում է մեր երկրի շարժիչ ուժը։ Պետությունը երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացումը դիտում է որպես հասարակական մեծ արժեք։ Նա կոչ արեց երիտասարդներին օգտագործել սովորելու, գիտելիք կուտակելու իրենց ընձեռված տարիները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարն իր ելույթն ամփոփել է Գարեգին Նժդեհի խոսքերով. «Բավական չէ հիացական վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ անցյալ սերնդի հանդեպ, պետք է գերազանցել նրան։ Հենց սա է կյանքի առաջադիմության օրենքը»։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կշարունակվի նոյեմբերի 15-ին. Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ռոքի սիրահարները կարող են ունկնդրել «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերին։ Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, խմբավար՝ Սերգեյ Սմբատյան)։ Իսկ նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հեղինակային երգի երեկո։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:














