Փոխվարչապետն Արմավիրի մարզում դպրոց է բացել, ծանոթացել այլ դպրոցների վերանորոգման գործընթացին

18:27 • 11.11.11

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մասնակցել է Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) «Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում, նախատեսված է 600 աշակերտի համար: Հաստատությունն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան և մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն, բացօթյա դասասենյակ։ Դպրոցի վերանորոգման և կահավորման համար ծախսվել է 1,5 մլն դոլար: Սա հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում հիմնանորոգվող հինգերորդ դպրոցն է` Քարակերտ, Շենիկ, Դալարիկ և Լեռնագոգ գյուղերի դպրոցներից հետո։

Գևորգյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին` հույս հայտնելով, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն: Նա գնահատելի է համարել այն, որ ուշադրություն է դարձվում ոչ միայն հաստատությունների վերանորոգմանը, այլև կադրերի վերապատրաստման հարցերին:
Փոխվարչապետն այցելել է նաև Արմավիրի թիվ 10 դպրոց, որն ընդգրկված է մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման երկրորդ ծրագրում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին:

Ծրագրով հատկացվել է 50 միլիոն դրամ: Տեղեկացվել է, որ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները:

Այնուհետև Ա. Գևորգյանը ծանոթացել է նույն ծրագրում ընդգրկված Արմավիրի թիվ 5 դպրոցում իրականացված աշխատանքներին: Դպրոցին առաջին հրատապ ծրագրով հատկացվել էր 90 մլն դրամ, որով հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Երկրորդ ծրագրով հատկացվել է 79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքերի նորոգման համար: Դրանով ավարտին կհասցվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության վերանորոգումը:

Փոխվարչապետը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է հետևել աշխատանքների որակին, ինչպես նաև աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք հնարավորինս չխոչընդոտեն ուսումնական գործընթացին: