Գանձասարի պարիսպը պետք է վերականգվի իր նախկին տեսքով. Հանրային խորհուրդը քննարկեց Գանձասարի շրջապարիսպի հարցը

19:48 • 14.11.11

Այսօր Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի` պատմական-ազգագրական արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության ենթահանձնաժողովը քննարկում էր հրավիրել Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարիսպի հետագա ճակատագրի հետ կապված, որպեսզի խորհրդակցական մարմնի իրավունքով առաջարկություններ ներկայացվի ԼՂՀ կառավարությանը:

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ Գանձասարի պարսպի մի փոքր հատվածն է միայն սալիկապատվել, ներկայումս աշխատանքները դադարեցվել են, մասնագետների խումբը ուսումնասիրություններ է անցկացնում բոլոր վիճահարույց հարցերին պատասխան տալու նպատակով:

«Գանձասարի պարսպի երեսպատման հարցը շատ մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության լայն շրջանակներում, տարաբնույթ գնահատականներ տրվեցին, ամեն դեպքում մեզ համար ոգևորիչ է այն մեծ հետաքրքրությունը, որը դրսևորեց հանրությունը մեր նախնյաց ժառանգության պահպանության հարցում: ԼՂՀ կառավարության տեսակետն այն է, որ այդ երեսպատումը ճիշտ չէր, անօրինական էր, նման հարցերում այդքան էլ հեշտ չէ քանդելն ու վերանորոգելը: Գանձասարի պարիսպների վիճակը այնպիսին չէր, որ անմիջական որևէ միջամտության կարիք լիներ, և այս տեսակ հարցերում հետագա անելիքները զուտ մասնագիտական բնույթ կարող են կրել»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի` պատմական-ազգագրական արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանի խոսքով` այն, ինչ ներկայացվել էր հանրությանը Գանձասարի երեսպատման հետ կապված, կեղծիք էր:

««Հայաստանի զրուցակից» թերթը ներկայացրել է կեղծ լուսանկար, իբր դա Գանձասարն է` ավերված անմխիթար վիճակում գտնվող պարսպի լուսանկարով, այնինչ իրականում դա Օհանավանքի լուսանկարն է եղել, այդպիսով թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Իրականում Գանձասարի պարիսպը երբեք էլ քանդված չի եղել: Ճիշտ է` Գանձասարի շրջապարսպի սալիկապատման աշխատանքները դադարեցվել են, սակայն հարցը դեռ վերջնականապես չի լուծվել՝ երեսպատումը ապամոնտաժե՞լ, թե՞ շարունակել: Չկա որևէ մեկը, որը կողմ լինի այդ երեսպատմանը, բոլորն ասում են՝ ապամոնտաժել է պետք և վերականգնել նախկին պատմական տեսքը»,- ասաց Ժասմին Ասրյանը:

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը նիստում միաձայն քվեարկությամբ որոշում ընդունեց, որ Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի վերջերս սալիկապատած հատվածը պետք է ապամոնտաժվի, և պարիսպը պետք է վերականգվի իր նախկին տեսքով:

Ենթահանաձնաժողովը դիմելու է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ Հանրային խորհրդի նիստում հաստատման դնելու այս որոշումը: Այսօր ընդունված որոշման մեկ այլ կետով, պարսպի սալիկապատած հատվածը մասնագիտորեն ապամոնտաժելու և նախկին տեսքը վերականգնելու գործընթացին հետևելու համար Հանրային խորհրդի, ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կձևավորվի:

Ենթահանձնաժողովը գրեթե համանման որոշում կայացրեց Վաճառի Ս. Ստեփանոս եկեղեցու մասին, որում Ծմակահող գյուղի երիտասարդներն՝ առանց մասնագետի հսկողության, փորձել են իրենց ուժերով վերանորոգչական աշխատանքներ կատարել, բայց արդյունքում ակամայից վերացրել են եկեղեցու մի շարք արժեքներ: