Վենիամին Սմեխովը հետաքրքիր երեկո է խոստանում պոեզիայի հայ սիրահարներին

14:46 • 14.11.11

«Հայաստանում ռուսական մշակութային սեզոն»–ի շրջանակում Հայաստանում է հյուրընկալվել ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը։ Նոյեմբերի 15-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հայտնի դերասանի և ռեժիսորի ստեղծագործական երեկոն։

25 ֆիլմում նկարահանված և շուրջ հինգ տասնյակ դերերում հանդես եկած Սմեխովը կհանդիպի նաև Կինոյի և թատրոնի պետական համալսարանի դասախոսների ու ուսանողների հետ, կանցկացնի վարպետության դասեր։

Մինչ այդ հայտնի դերասանը Հայաստանի ու կյանքի մասին իր դիտարկումները ներկայացրեց լրագրողներին։ «Սա իմ երրորդ այցելությունն է Հայաստան և ես մշտապես այստեղ ինձ հարազատի պես եմ զգում»,– ասաց նա՝ խոստանալով, որ վաղը շատ հետաքրքիր երեկո կլինի հատկապես պոեզիայի սիրահարների համար։ «Ես հայկական պոեզիայի սիրահար եմ ու հայկական պոեզիայի հետ շփվել եմ շատ վաղուց։ Եղիշե Չարենցը իմ ամենասիրած պոետներից է։ Երեկ նրա տուն-թանգարանում էի, ու տպավորություններն, իրոք, անկրկնելի են»,– պատմեց Սմեխովը։