Մեկնարկեց ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական 2-րդ համաժողովը
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսավոր արարողությունը:
Համաժողովը մեկնարկեց ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության համակարգող խորհրդի նիստի գումարմամբ, որը վարում էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկա էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ճարտարապետներ և շինարար-ճարտարագետներ Հայաստանից և Սփյուռքից:
Ողջունելով ներկաներին` սփյուռքի նախարարն անդրադարձել է 2009թ. ապրիլի 21-24-ը նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» խորագիրը կրող ճարտարապետների համահայկական համաժողովին, որը Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած 24 համահայկական համաժողովներից առաջինն էր: Նախարարը կարևորել է հայության միասնական և համախմբված լինելու անհրաժեշտությունը` համազգային հիմնախնդիրների լուծման գործում հաջողություններ արձանագրելու համար:
Այնուհետև ներկաներին ողջունել է Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահը` ներկայացնելով մի շարք առաջարկներ` ուղղված ընկերակցության հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության երկամյա գործունեության հաշվետվությունը, որին հաջորդել են համակարգող խորհրդի անդամների ելույթները:
Այնուհետև համակարգող խորհրդի համանախագահներ են ընտրվել Վահե և Գոհար Թութունջյանները (Թուրքիա) և Աշոտ Գրիգորյանը (Հայաստան): Քննարկվել են ընկերակցության առաջիկա ծրագրերը և կազմակերպչական հարցեր:










