«Հայոց Եկեղեցու պատմություն» առաջին հրատարակությունը` տեսողության խնդիրներ ունեցող աշակերտների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել էր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բրալյան տարբերակի վերածման և հրատարակման ծրագիր, որի իրականացումը ստանձնել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը:
Նոյեմբերի 14-ին կույրերի միջազգային օրվա առիթով Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի ունեցավ օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրալյան տարբերակը:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջունել և Վեհափառ Հայրապետի օրհնությունն է փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով նաև Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Սրբազան Հայրը բարձր է գնահատել կազմակերպիչների նախաձեռնությունը՝ շեշտելով վերջինիս հրատապությունը հասարակության հատուկ ուշադրության կարիք ունեցող հատվածի համար:
Հանդիսությանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մնացյալ դասարանների դասագրքերի հրատարակությունը բրալյան տարբերակով:










