«Ոսկե ծիրանն անիվների վրա» Ջավախք տարավ ֆիլմեր և դպրոցական լաբորատորիաներ
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը նոյեմբերի 10-14-ը հյուրընկալվեց Ջավախքում: Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականը»։
«Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակում Ախալքալաքում ցուցադրվեցին հայ և վրացի ռեժիսորների աշխատանքներ՝ «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:
«Ոսկե ծիրանը միայն կինոփառատոն չի, դա մշակութային լուրջ ծրագիր է, որ ճամփորդելու է և Ղարաբաղով, և Ջավախքով, որպեսզի պատմի կինոյի մասին։ Եվ դա առիթ նաև, որպեսզի մենք կարողանանք մեր լավագույն բարեգործական ընկերություններին բերել Արցախ, բերել Ջավախք, որպեսզի օգնեն մեր ժողովրդին»,- ասել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։
Այս անգամ «Փյունիկ» հիմնադրամը Ջավախքի դպրոցներն նվիրել է լաբորատորիաներ։ Իսկ Հարություն Խաչատրյանը խոստացել է, որ «Ոսկե ծիրանի» կինոդպրոցում տարեկան երկու տեղ կհատկացնի ռեժիսուրա ուսանելու ցանկություն ունեցող Ջավախքի շնորհաշատ երիտասարդներին։










