Օձունի եկեղեցին փլուզվում է. բարեգործները կփորձեն փրկել այն (տեսանյութ)

14:15 • 16.11.11

Թեև այսօր Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում կանոնավոր պատարագ է մատուցվում, պսակադրություններ են կատարվում, մկրտվում են մանուկներ, հուղարկավորում են հանգուցյալներ, սակայն մեկուկես հազարամյակ կանգուն մնացած կոթողին սպառնում է փլուզումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Անողոք ժամանակի և մարդկանց բարբարոս վերաբերմունքի պատճառով լրջորեն վնասվել են եկեղեցու ձեղունը, որմերը և հիմքը:
Հոկտեմբերի 18-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրեց սրբավայրի վերականգնման վերաբերյալ հուշագիր: Այժմ հիմնադրամը սպասում է շինարարական-վերականգնողական ընկերության ընտրության մրցույթի արդյունքներին:

Հիմնադրամը հանձն է առել ֆինանսավորել վերականգնողական աշխատանքները, որոնք կտևեն շուրջ 3 տարի:
Օձունի վանքը, որը խորհրդային տարիներին վերածվել էր հացահատկի պահեստի, ապրում է մոտալուտ վերածննդի հույսով»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Հիմնադրամի մամուլի ծառայությունը վանքի պատմության և ապագայի մասին պատրաստել է տեսանյութ։