Ցվետանա Պասկալևան Արցախյան հերոսամարտի մասին իր ֆիլմի առաջին սկավառակները նվիրեց Սերժ Սարգսյանին

15:33 • 18.11.11

Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքեր» ֆիլմաշարի շնորհանդեսին այսօր ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Մեծապես կարևորելով բուլղարացի լրագրողի՝ Արցախյան հերոսամարտի տարիներին կատարած աշխատանքը՝ նախագահը շնորհակալություն հայտնեց Պասկալևային կատարած «հերոսական աշխատանքի» համար և հույս հայտնեց, որ հետագայում էլ նա կշարունակի գործել նույն ոգով:
Արցախյան ազատամարտի ամենահերոսական պահերը ֆիքսած և դրանով իսկ պատմության մեջ իրականությունը հավերժ թողած բուլղարացի լրագրողը իր թվայնացված յոթ ֆիլմերի երկու DVD-ի առաջին օրինակը հանձնեց Սերժ Սարգսյանին ու նշեց, որ նախագահը մեկն է այն մարդկանցից, որոնց հետ ինքը անցել է արցախյան պատերազմի ծանր օրերի թոհուբոհի միջով: «Հայաստանում անցկացրած այս 20 տարին ամենակարևոր շրջանն է եղել իմ անձնական կյանքում և Հայաստանի պատմության մեջ:

Երբ ես եկա Հայաստան, չէի կարող ենթադրել, որ այստեղ կմնամ այսքան ժամանակ: Մշտապես սթրեսի մեջ գտնվող արցախցիները մեծից փոքր ինձ համար հերոս էին: Ես վստահ չէի, որ նրանց հետ կարող եմ տանել այդ ծանրությունը, բայց երբ նայում էի երեխաներին ու ծերերին, որ հերոսաբար դիմադրում էին բոլոր դժվարություններին, հասկանում էի, որ պարտավոր եմ նրանց կողքին լինել և եթե նրանք կարող են դիմանալ, ապա ես էլ պիտի կարողանամ»,- պատմեց Պասկալևան` ավելացնելով, որ 1991-94 թթ. դեպքերը մանրամասնորեն արձանագրող իր ֆիլմերը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի պատմության արտացոլումն են, և դրանց տարածումը աշխարհում ավելի կարևոր է, քան կարելի է ենթադրել առաջին հայացքից: