Հեղինակային կատարողները երգեցին երիտասարդների և ուսանողների համար
Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հեղինակային երգի երեկո։ Այս համերգով ամփոփվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Երիտասարդների համաշխարհային և Ուսանողների միջազգային տոների առթիվ անցկացվող համերգների շարքը։
Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, հեղինակային երգի երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են եկել Ռուբեն Հախվերդյանը, Էդվարդ Զորիկյանը, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Վահե Քոչարը, Քրիստ Մանարյանը,Վարդան Գալստյանը, Վախթանգ Հարությունյանը, Աշոտ Գասպարյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդական տոների առթիվ կազմակերպել էին բազմաժանր համերգներ՝ տարբեր նախասիրությունների երիտասարդների համար։ Մասնավորապես նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր սիրված և նոր երգերով հանդես եկավ Թաթա Սիմոնյանը։ Նոյեմբերի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ռոքի սիրահարներն ունկնդրեցին «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերին։ Իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչեցին սյուիտներ «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, ջութակ) և Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանքը։










