Հիպերռեալիստական աշխատանքների առաջին ցուցահանդեսը Երևանում

09:43 • 21.11.11

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:00-ին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում կբացվի հիպերռեալիստական աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսին Հայաստանում առաջին անգամ կներկայացվի երիտասարդ դիզայներների հեղինակած հիպերռեալիստական ուղղության մոտ 65 աշխատանք:

Ֆոտոռեալիզմի էսթետիկ սկզբունքների վրա հիմնված այս ուղղությունն, ի տարբերություն վերջինիս, իր առջև նպատակ չի դնում կրկնօրինակել իրականությունը: Օբյեկտներն ու տեսարանները հիպերռեալիստական գեղանկարչության մեջ մանրամասնած են, որպեսզի ստեղծվի իրականության պատրանք, բայց դա սյուրռեալիզմ չէ, քանի որ կարող է հանդիպել իրականության մեջ:

Ցուցահանդեսի ղեկավար, համալսարանի «Դիզայն» ամբիոնի դասախոս, դիզայներ Հայկազ Արսենյանը նշում է, որ հիպերռեալիստական աշխատանքների ստեղծումը նախ և առաջ յուրատեսակ փորձություն էր երիտասարդ դիզայներների համար, որոնց առջև նպատակ է դրվել ստանալ պատկերներն ու իրերն այնպիսին, ինչպիսին դրանք ֆիքսել է օբյեկտիվը` իրական գույնով կամ փայլով: Իսկ թե ինչպես է դա արվում և որտեղից է սկիզբ առել արվեստի այս ուղղությունը ցուցահանդեսի այցելուներին բացման արարողության ժամանակ կծանոթացնեն ճանաչողական ֆիլմի միջոցով: Ցուցահանդեսից օրեր անց լույս կտեսնի բացառիկ այդ աշխատանքների նմուշագիրքը: