Եթե այս կերպ շարունակվի, մի քանի տարի անց իրական արվեստագետները չեն հիշվի. Լիլիթ Պիպոյան

15:12 • 21.11.11

Ռեստորանային երաժշտությունը գրավել է հեռուստատեսությունը, և դա արդեն սովորական է դարձել ունկնդրի համար, սակայն սա ժամանակավոր երևույթ է, շատ շուտով ամեն ինչ կընկնի իր տեղը։ Նման համոզմունք հայտնեց երաժիշտ Վահագն Հայրապետյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը։ Բոլորովին այլ կարծիքի է երգչուհի Լիլիթ Պիպոյանը։ Ըստ նրա՝ ամեն ինչ գնում է կործանման, և եթե այս կերպ շարունակվի, մի քանի տարի անց իրական արվեստագետները ուղղակի չեն հիշվի։ «Եթե ես համեմատեմ այսօրվա օրը երեկվա հետ, կարող եմ հստակ ասել, որ հիմա շատ ավելի վատ է, քան անցյալ տարի»,– ընդգծեց նա։

«Ինչու եք մեղադրում մարդկանց, որ լսում են այդ երաժշտությունը։ Ես միշտ մի օրինակ եմ բերում, օրինակ, եթե մարդը սոված է, նրան միշտ դոլմա են հրամցնում, այդ մարդը ի՞նչ պիտի անի, պիտի ուտի ու ասի՝ շատ համեղ է, չէ՞»,- տարակուսեց Վահագն Հայրապետյանը։

Խոսելով նախընտրական աղմուկի վերածվող երաժշտության մասին՝ երաժիշտները նշեցին, որ իրենք երբեք նախընտրական արշավին մասնակցելու հրավեր չեն ստացել ու եթե ստանային էլ, ոչ մի դեպքում չէին ընդունի։ «Ինձ համար դա անընդունելի է, իհակե, կան երաժիշտներ, որ ասում են՝ ինձ համար ինչ տարբերություն՝ ինչի առթիվ եմ երգում, կարևորը ունկնդրին ներկայանալն է։ Բայց ինձ համար դա աբսուրդ է, որովհետև շատ կարևոր գործեր ունեմ ու ֆինանսների պատճառով չեմ կարողանում իրականացնել ու չեմ կարող ինչ-որ մեկի պատվերը կատարել»,– նշեց Լիլիթ Պիպոյանը։

Ասուլիսի ժամանակ երաժիշտները խոստովանեցին նաև, որ իրենք երգել են նաև հարսանիքների ժամանակ։ «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում, ոչ էլ խուսափում եմ ակումբներում երգելուց։ Կարևորը տեղը չի, կարևորը հադիսատեսն է»,– ասաց Վահագն Հայրապետյանը։

Վահագն Հայրապետյանը դեկտեմբերի 9-ին, Լիլիթ Պիպոյանը՝ դեկտեմբերի 10-ին համերգային ծրագրով իրենց հանդիսատեսին կներկայանան Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ առիթների սրահում։