Հասմիկ Պապյանը հայ հանդիսատեսից նույն էներգետիկան է ստանում. երգչուհին 25 տարի է՝ բեմում է
Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Հայաստանում նշում է իր բեմական գործունեության 25-ամյակը: «Ես չէի ուզում այդպես մեծ շուքով նշել ու հնչեղություն տալ այս հոբելյանին, սակայն շատ էի ուզում նոյեմբերի 16-ին` իմ առաջին բեմելից ուղիղ քսանհինգ տարի անց երգել նույն բեմում»,- պատմեց երգչուհին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա ավելացրեց, որ չնայած հիմա ապրում ու ստեղծագործում է արտերկրում, չի համարում, որ հեռացել է Հայաստանից: «Համարեք, որ սա երկարատև գործուղում է: Երբ որ էլ չերգեմ, աղջիկս էլ դպրոցական տարիքից դուրս գա, անպայման կվերադառնամ»,- խոստացավ երգչուհին: Բեմը թողնելու իր մտադրության մասին շրջանառվող լուրերը Պապյանը հերքեց ` ասելով, որ այլևս չի երգի այն ժամանակ, երբ կզգա, որ հետաքրքիր չէ բեմում, իսկ առայժմ կշարունակի ստեղծագործել և հաճույք պատճառել իր հանդիսատեսին: «Ես աշխարհի շատ երկրներում եմ բեմ դուրս եկել և կարող եմ ասել, որ հանդիսատեսի ռեակցիայից կարող ես գուշակել՝ որ երկրում ես:
Օրինակ, ֆրանսիացիները չեն ծափահարում, երբ չեն հավանում, բայց չեն էլ սուլում իտալացիների պես, բայց իմ տեսած ամենախստապահանջ հանդիսատեսը իմ հայրենիքում է: Ես կարծում էի՝ փոխված, ավելի անտարբեր դարձած կգտնեմ հայ հանդիսատեսին, սակայն ոչ, դահլիճից ստացած էներգետիկան նույնն էր: Հանդիսատեսը կարծես ծարավ լիներ ու պահանջեր ավելին»,- պատմեց նա` նշելով, որ օտար բեմերում կատարում է ամեն ինչ, բայց Անուշ խաղում է միայն հայ հանդիսատեսի համար։










