Օպերային թատրոնը կվերազինվի
«Մեր թատրոնի դերասանները գործի նվիրյալներ են, որովհետև այս պայմաններում կարողանում են այնպես աշխատել, որ թատրոնը գործի ամբողջ թափով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ շուտով թատրոնը պետբյուջեից հատկացված գումարներով կվերազինվի։
«Մենք այժմ աշխատում ենք հնադարյան ժամանակների տեխնիկայով, այն գործողությունները, որ զարգացած երկրներում անում են մեկ սեղմակի հպումով, մենք շարունակում ենք անել ձեռքով: Վերջին անգամ թատրոնը հիմնանորոգվել է կոմունիստների ժամանակ, այնուհետև «Լինսի» հիմնադրամի հատկացրած գումարներով մասնակի նորոգում ենք իրականացրել: Հիմա ավելի շատ գումար կհատկացվի օպերայի տեխնիկական վերազինմանը, քան բուն շենքի վերանորոգմանը»,- պատմեց Կամո Հովհաննիսյանը: Նա նշեց, որ չնայած բազում խնդիրներին՝ թատրոնը վերջին տարիներին դարձել է ավելի ակտիվ ու բազմակողմանի, թատրոնի խաղացանկն էլ հարստացել է դասական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Ներկայումս թատրոնի ստեղծագործական խումբը աշխատում է Ջ.Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության վրա, որի համերգային կատարումը նախատեսվում է դեկտեմբերի 26-ին, իսկ պրեմիերան՝ 2012թ. առաջին կիսամյակին:










