Վատիկանը վստահ է` Շեքսպիրը կաթոլիկ էր
Վիլյամ Շեքսպիրի պիեսները հաստատում են` հեղինակը, անշուշտ, կաթոլիկ էր: Այս մասին գրել է Վատիկանի L’Osservatore Romano պաշտոնաթերթը:
Թերթն իր էջերում անդրադարձել է «Անոնիմուս» նոր ֆիլմին, որտեղ քննարկվում է այն հանրահայտ թեզը, ըստ որի` Շեքսպիրի գործերն իրականում գրել է Օքսֆորդի կոմս Էդվարդ դը Վերը:
L’Osservatore Romano-ն գրում է, որ Անգլիայում 16-17 դարերի ընթացքում կաթոլիկների նկատմամբ հալածանքների պատճառով Շեքսպիրը ստիպված է եղել թաքցնել իր իրական կրոնական հայացքները:
Լեգենդար գրողի՝ կաթոլիկ լինելու մասին ապացույցներ հայտնաբերվել են նաև ավելի վաղ: 2009 թվականին անգլիական Պատվարժան քոլեջի (Հռոմում բրիտանական կաթոլիկ սեմինարիա) ռեկտորի տեղակալ, հոգևորական Էնդրյու Հիդոնը հայտնել է, որ ունի պատմական ապացույցներ ոչ միայն այն մասին, որ Շեքսպիրը հարել է Կաթոլիկ եկեղեցուն, այլ նաև այն մասին, որ գրողն այցելել է Հռոմ: Դրանք երեք փաստաթղթեր են` ստորագրված տարօրինակ անուններով`Arthurus Stratfordus Wigomniensis(1585), Gulielmus Clerkue Stratfordiensis(1589) և Shfordus Cestriensis (1587):
Հիդոնի կարծիքով` դրանք պարունակում են Շեքսպիրի կոդավորված անունը: Փաստաթղթերը բոլորն էլ վերաբերում են Շեքսպիրի «անհայտ տարիներին»` ժամանակաշրջան, որի մասին գիտնականներին ոչինչ հայտնի չէ: Շեքսպիրը լքել է հայրենի Ստրատֆորդը 1585-ին, իսկ Լոնդոնում հայտնվել միայն 1592-ին:










