Հանդուրժողականությունը կտավի վրա. բացվեց Արշավիր Կիրակոսյանի ցուցահանդեսը (տեսանյութ)
Հանդուրժողականության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ գրասենյանկում այսօր բացվեց Արշավիր Կիրակոսյանի անհատական ցուցահանդեսը: «ՄԱԿ-ի համար շատ կարևոր օր է այսօր, քանի որ հանդուրժողականությունը ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներից է: Մենք գտնում ենք, որ միայն հանդուրժողականության շնորհիվ թե քաղաքականության մեջ, թե կյանքում շատ անլուծելի թվացող հարցեր վերջնական լուծում կարող են ստանալ:
Արշավիր Կիրակոսյանի գործերը մեզ դուր եկան նրանով, որ ուղղակի շնչում են պայծառությամբ ու սիրով, իսկ սերը հենց հանդուրժողականության գրավականն է»,- tert.am–ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն` ավելացնելով, որ ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի ողջունել պետության ջանքերն ուղղված հանդուրժողականությանն ու խաղաղ համակեցությանը:
Արշավիր Կիրակոսյանի՝ վերջին երկու տարվա ընթացքում նկարած բնության ու մարդու ներդաշնակությունն արտացոլող նկարները ՄԱԿ-ի գրասենյակում կցուցադրվեն մինչև դեկտեմբերի 5-ը: «Ես ցուցահանդեսներ շատ եմ ունեցել` թե անհատական, թե խմբակային, բայց այս մեկն ինձ համար հատկապես կարևոր է, քանի որ հանդուրժողականության գաղափարը կարևոր սկզբունք է ինձ համար: Ես նկարելուց չեմ մտածել հատկապես այդ գաղափարի շուրջ, նկարել եմ բնությունը, մարդկանց, բայց սիրով եմ արել և գուցե հենց այդ սերն է, որ գրավում է մարդկանց»,- tert.am–ի հետ զրույցում ասաց նկարիչը:










