Հանդիսատեսի բանավեճից դասեր կքաղեն. մեկնարկում է Երիտասարդ ռեժիսորների փառատոնը
Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 23-30-ը Երևանում կանցացնի Երիտասարդ ռեժիսորների վեցերորդ փառատոնը, որին կմասնակցի Երևանի և մարզերի 9 թատերախումբ։ Երիտասարդ ռեժիսորները կներկայանան տարբեր ոճի ներկայացումներով, միակ պայմանը, որին պետք է ենթարկվեն բոլոր մասնակիցները, նորարարական մոտեցումն է յուրաքանչյուր ներկայացմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնն ունի մեկ նպատակ՝ հայտնաբերել նոր անուններ ու ինտեգրել նրանց միջազգային ասպարեզում։
«Երիտասարդ ռեժիսորների փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից նրանով, որ մասնակցում են միայն երիտասարդ բեմադրիչներ։ Այս փառատոնը մեծապես նպաստում է հայկական թատրոնների՝ միջազգային ասպարեզում ինտեգրվելուն։ Նմանատիպ փառատոների մասնակցելով՝ մեր երիտասարդները փորձ են ձեռք բերում հետագայում դրսում կազմակերպվող փառատոներին լավագույնս ներկայանալու համար»,– նշեց Լևոն Մութաֆյանը։
Փառատոնի ընթացքում յուրաքանչյուր ներկայացմանը կհետևեն բանավեճեր, որոնց կարող են մասնացել ինչպես մասնագետները, այնպես էլ սովորական հանդիսատեսը։
«Բանավեճը, երևի թե այս փառատոնի ամենից կարևոր ձեռքբեևումներից է, որովհետև տարեցտարի մենք կարողանում ենք հասնել նրան, որ մեր երիտասարդները կարողանան առողջ բանավեճից իրենց համար դասեր քաղել»,– նշեց Լևոն Մութաֆյանը։
Երիտասարդ բեմադրիչների փառատոնը կմեկնարկի այսօր Գոռ Մարգարյանի «Լյուսիեն Լյուկ» ներկայացմամբ։










