Աշոտ Մանուչարյանը Հայաստանի փրկությունը տեսնում է մշակութային հեղաշրջման մեջ
Հայաստանի քաղաքական դաշտում այսօր լայն առումով գործում է երեք հոսանք` ազգային, անգլոսաքսական և ռուսական։ Այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը։
Ազգային հոսանքը, նրա խոսքով, իրենից փոքր, դեռ ոչ այդքան հայտնի խմբերի տեսքով է հանդես գալիս և սպասում է մինչև իր գործելու ժամանակը գա։ Մանուչարյանի համոզմամբ՝ հենց նրանք են փորձելու իրական գաղափարներ առաջ քաշել և հենց դա էլ լինելու հիմքը երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար: Նրա խոսքով՝ անգլոսաքսական հոսանքի ներքո է գործում այսօրվա իշխանությունը, իսկ ռուսական հոսանքի նորքո, որը փորձում է վերահսկողություն հաստատել «եվրասական գաղափարներով»՝ առաջ քաշելով տնտեսական և աշխարհաքաղաքական նախագծեր, գործում ԲՀԿ-ն:
Աշոտ Մանուչարյանի կարծիքով` վերջին պաշտոնանկություններն էլ պետք է դիտել այս ենթատեսքում` անգլոսաքսական հոսանքը ազատվում է ռուսական հոսանքից:
«Մարդը թույլ է և ենթարկվում է հոսանքներին, աշխարհը գիշատիչ է, մեզ էլ հրամցրեց այդ հոսանքները, մենք էլ հասանք այս վիճակին: Սակայն եթե մենք հարցերին նայենք շատ առարկայորեն, մակերեսորեն, ապա կշարունակենք դեգերել այնպես, ինչպես 20 տարի է՝ դեգերում ենք: Ունեցվածքի նարկոմանիայով է վարակված յուրաքանչյուրը, հենց այդ նարկոմանիայից է պետք ազատվել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը` հավելելով, որ Հայաստանում ամենացածր կետից՝ անկումից է վեր հառնելու Ոսկեդարը` այն էլ ոչ թե քաղաքական, այլ մշակութային հեղաշրջման միջոցով:










