Վարդան Պետրոսյանի «Սեռասարսափն» ավարտվում է

18:56 • 24.11.11

Դերասան և բեմադրիչ Վարդան Պետրոսյանը դեկտեմբերի 5-ին և 6-ին «Սեռասարսափ» ներկայացման վերջին ելույթներով հանդես կգա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում: Օգոստոսից ի վեր դերասանը մոտ 25 անգամ հանդես է եկել նոր բեմադրությամբ և դեռ ոչ մի անգամ հանդիսատեսի պակաս չի զգացել: Իր բեմադրած ներկայացումներով աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած դերասանն այսօր խոսեց թատրոնում տիրող հանրային տրամադրությունների և իր ներկայացման իմաստը սխալ մեկնաբանել ցանկացողների մասին:

«Օգոստոս ամսին բոլորը նրանց, ովքեր չէին կարող զով վայրում անցկացնել իրենց ամառային հանգիստը, ես առաջարկում էի ներկա գտնվել «Սեռասարսափ» կինո-ներկայացմանը, որտեղ դահլիճը զովացվում էր»,- նշեց դերասանը։

Ամռանը զովացվող, իսկ ձմռանը տաքացվող դահլիճում Վարդան Պետրոսյանը փորձում է ավելի հեռուն գնալ, սրել խոսքն ու միտքը և ավելի խոր ուսումնասիրված նյութ մատուցել հանդիսատեսին. «Սեռասարսափը» դրա վառ ապացույցն է: Դերասանը նշում է, որ իր ներկայացման մեջ մեծ հարգանքով է խոսում բոլորի մասին, չի հնչեցնում ոչ մի անձնական վիրավորանք, նույնիսկ նրանց հանդեպ, ում քննադատում է և ում գործելակերպը մեծապես ազդում է ժողովրդի ապագայի վրա: Ներկայացված կերպարները հիմնականում ալեգորիկ են:

«Մի փոքրիկ տղա պառկած է ծեր կնոջ վրա և ոչ մի կերպ չի կարողանում բավարարվել: Այդ ծեր կինը ժողովուրդն է, իսկ տղան նրանց հալածող և չհարգող մարդիկ»,- ներկայացրեց դերասանը։

Անընդհատ դեպի զվարճացնող ներկայացումները ձգտող ժողովրդին Վարդան Պետրոսյանն անվանում է դեպրեսիվ և հոգնած հասարակություն, որը ձգտում է ազատվել իր խնդիրներից և գոնե թատրոնում ու կինոսրահներում տեսնել թեթև ու միտքը չծանրաբեռնող ներկայացումներ ու ֆիլմեր: Դերասանը, սակայն, համոզված է, որ այդ խնդիրը միայն մերը չէ, այն ամբողջ աշխարհինն է: