Ավետ Բարսեղյանն ուզում է ռուս երգիչների համար երգեր գրել
Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը ուրախ է, որ կարողանում է երգեր գրել միայն այն մարդկանց համար, ում համար ինքն է ցանկանում ։ «Էն ժամանակ ըստ պատվերի գրում էի ու շատ էի գրում: Փառք Աստծուն` հիմա կարողանում եմ ընտրել այն մարդկանց, որոնց համար երգ եմ գրում»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Ավետը։ Հարցին, թե ինչով է պայմանավորված իր ընտրությունը՝ ում համար երգ գրել, Ավետ Բարսեղյանը պատասխանեց. «Եթե մարդու անունը հաստատվում է, նրանց համար եմ հիմնականում գրում: Ոչ միայն կայացած երգիչների, այլև սկսնակների, փոքրիկների համար: Օրինակ` արդեն 3 տարի է, ինչ փոքրիկների համար էլ եմ երգեր գրում: Բացարձակ բոլոր պատվերները չեմ ընդունում»:
Ավետը խոստովանեց, որ չի դժգոհում աշխատելուց, թեպետ բավականին ծանր գրաֆիկով է աշխատում: «Ես ընդհանրապես ամբողջ օրն եմ աշխատում: Բնականաբար, շատ եմ հոգնում, սակայն սովոր եմ արդեն այդ տեմպին: «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը իմ ամենասիրելի ծրագիրն է, ու հենց այս ծրագիրն էր պատճառը, որ դուրս եկա թե «Հ1»-ից, և թե «Արմենիա TV»-ից: Երբ որ ազատում եմ «Միլիոնատերի» աթոռը, ձգտում եմ դեպի այդ ծրագիրը։ Ու եթե այդ ինտելեկտուալ խաղն անգամ այլ մոլորակի վրա լիներ, ես անգամ մոլորակս կփոխեի»,- ասաց նա:
Ավետը նաև զբաղվում է դասախոսությամբ «Ինդիվիդում քասթինգ»-ում: «Ես ստուդիա չունեմ, պարզապես հեռուստառադիոհաղորդավարի կուրսերի ղեկավար եմ: Անհատական բիզնես էլ չունեմ, չեմ էլ պատրաստվում»,- նշեց հաղորդավարը:
Հարցին, թե որ աշխատանքն է ավելի մեծ հոնորար բերում Ավետ Բարսեղյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դե, աշխատանք է ամսավճարով: Հավասարազոր են հոնորարները»:
Խոսելով ապագա ծրագրերի և նպատակների մասին՝ Ավետն ասաց. «Ես շատ մեծ հաջողությունների չեմ հասել: Ներկա պահին ուզում եմ, որ «Եվրատեսիլը» լավ անցնի (նա Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղորդավարներից է,- Tert.am): Ուզում եմ հասնել ռուսական դաշտում ռուսերենով երգեր գրելուն: Փորձը արդեն կա` Գրիգորի Լեպսի կատարումը, որի հեղինակը ես եմ: Ցանկություն կա գրելու»,- անկեղծացավ նա:
Ավետ Բարսեղյանը չցանկացավ իր անձնական կյանքի մասին խոսել, քանի որ, ինչպես ինքն է ասում, «անձնականը անձնական է»: «Ճիշտ է, հանրությունը դժվար թե չիմանա, բայց դե խոսակցություններ են, թող պտտվեն: Կոնկրետ որոշումներ չկան դեռ: Բայց անձնականը մնում է անձնական»,- ասաց նա:










