Հայաստան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակությունները

14:09 • 28.11.11

Այսօր արդեն Հայաստան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնց կդիմավորի «Welcome to Armenia» կասի մրցույթին Հայաստանը ներկայացնող Դալիթան։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 2-ին և 3-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Tert.am-ի հետ զրույցում Դալիթան պատմեց իր զգացողությունների մասին. «Քանի որ «Մանկական Եվրատեսիլը» մրցույթ է, բնական է, որ մրցույթի մասնակցելիս անհանգստությունը առկա է: Իսկ այսօր արդեն Հայաստան են ժամանում տարբեր երկրների պատվիրակության ներկայացուցիչները, և այսօր տեղի է ունենալու մեր պաշտոնական հանդիպումը: Ես այսօր բոլոր մասնակիցներին կդիմավորեմ և կասեմ «Welcome to Armenia»: Մենք բոլոր մասնակիցներին և պատվիրակության ներկայացուցիչներին երևի թե վաղվանից պետք է ներկայացնենք Հայաստանի տեսարժան վայրերը` էքսկուրսիաների միջոցով»:

Երգչուհին պատմեց, որ նոյեմբերի 28-ին ու 29-ին արդեն կսկսվեն փորձերը, և յուրաքանչյոր երկրի ներկայացուցչի համար կնշանակվեն առաձին ժամեր:

«Որքանով տեղյակ ենք, պետք է որ մինչ փորձերը բեմի ձևավորումը և նման այլ աշխատանքները վերջացած լինեն: Իսկ ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա ընդամենը ավելացել են լուսային էֆեկտներ, ինչպես նաև ավելացել են մի փոքր պարային շարժումներ: Այդ օրերին մեր համերգներին կմասնակցեն նաև Սիրուշոն, Վլադիմիր Արզումանյանը, ինչպես նաև ունենալու ենք հատուկ հյուր, ում մասին որևէ տեղեկություն չունենք, քանի որ դա ևս անակնկալների շարքում է: Երեկոյի հաղորդավարներն են լինելու Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը»,- ներկայացրեց Դալիթան:

Այս տարի Դալիթայի երազանքը կկատարվի. «Ես դեռ շատ տարիներ առաջվանից հետևում էի այս մրցույթին ու միշտ երազում էի, որպեսզի այն իրականանա Հայաստանում և ես ունենամ իմ մասնակցությունը,- ասաց Դալիթան:- Իմ մեծ երազանքը կատարվում է, և ես ի սրտե բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ և մաղթում եմ, որպեսզի լավ ժամանակ անցկացնեն մեր Հայաստանում ու լավ տպավորություններով հեռանան»: